Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Մեծամորում բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշարձան


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում օգոստոսի 12-ին բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված Սաշա Գալստյանին և մյուս զինծառայողներին նվիրված հուշարձան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությունը տեղի ունեցավ Սաշա Գալստյանի ծննդյան օրը. նա կդառնար 23 տարեկան:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Միջոցառմանը ներկա էին զոհված զինծառայողների հարազատները, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

Հուշարձանի հեղինակ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուշարձանը նախագծվել է՝ հաշվի առնելով հավիտենության խորհուրդը, հայրենասիրության գաղափարը:

«Սաշայի ծնողների ու մեր կողմից նախաձեռնվեց ստեղծել մի հուշարձան, որը կմիավորի մեր ժողովրդին ու մեր հերոսներին: Սա միասնականության նպատակ է հետապնդում, որպեսզի այս հիշողությունը կենդանի մնա ու երիտասարդների կյանքը հետագա սերունդների համար օրինակ դառնա»,- ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ հուշակոթողը մի քանի ամսում է նախագծվել:

Նրա խոսքով՝ հուշարձանի հիմքը հայրենիքն է, իսկ երկու սյունն էլ խորհրդանշում է ժողովրդին, որը երկու ձեռքում խաչն է բռնում որպես հավերժության նշան: Ապրիլյան պատերազմում զոհված բոլոր զինծառայողների անունները գրված են հուշարձանի հենասյուների վրա:

Սաշա Գալստյանի հայրը` Վաչագան Գալստյանը, ում մտահղացումն էր նման հուշարձան կանգնեցնելը, նշեց, որ հուշարձանը, ճիշտ է, իրենց տան առջևում է, սակայն ապրիլյան քառօրյայի բոլոր զոհերի հիշատակն է հավերժացնում։ «Սաշայի ֆիզիկապես կենդանության օրոք ես մեկ տղա ունեի, իսկ նրա ու տղաների զոհվելուց հետո` բոլորն իմն են։ Սաշան մենակ չի արել իր գործը, և ես չէի կարող անել մի բան, որտեղ իր եղբայրների անունները չլինեին։ Միակ բանը, որը պետք է անեմ եզակիորեն իր համար` իր շիրմաքարն է։ Այսօր Սաշան իմ տղան չէ, ազգի տղան է ու նույն ձևով մնացած տղաներն իմն են»,–ասաց նա։ Վաչագան Սարգսյանի խոսքով` ինքը մեկ տղա է տվել զինված ուժերին, վերցրել` 106-ին:

Զոհված Նորայր Գալստյանի մայրը` Նունե Աթաջանյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ շնորհակալ է Սաշա Գալստյանի ընտանիքին, որ հուշարձանի միջոցով Սաշայի գլխավորությամբ հավերժացնում են 107 տղայի հիշատակը։

Սաշայի մայրը` Սոֆի Գալստյանը, նշեց, որ տղան իր ծնունդը տոնել շատ էր սիրում ու միշտ խնջույք էր կազմակերպում։ Տիկին Սոֆին նշում է, որ տղայի զոհվելուց հետո երկու տարի ողբով է նշել Սաշայի ծննդյան օրը, սակայն այս տարի այլ կերպ է ամեն ինչ։

«Ես Սաշին խոսք եմ տալիս, որ այսուհետև իր ծնունդներն ուրախ եմ դիմավորելու, քանի որ նա կա»,–ասաց տիկին Սոֆին։

Հուշարձանը կյանքի է կոչվել Սաշայի հոր, նրա ընկերների ու Գալստյանների ընտանիքի բարեկամ Խորեն Քոթանջյանի աջակցությամբ։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ