Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Փորձագետն ագրեսիվ է համարում Ադրբեջանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն ագրեսիվ է համարում Ադրբեջանի արձագանքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ նմանատիպ հայտարարություններ եղել են նաև նախորդ իշխանությունների կողմից, և դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը խափանում է բանակցային գործընթացը կամ փորձում է հարցի լուծումը միայն այդ տարբերակով ներկայացնել:

«Սա նշանակում է, որ մենք թե՛ մշակութային, թե՛ պատմական առումով մեկ ենք: Սա միայն քաղաքական հայտարարություն չէր, և այդ առումով նաև վտանգավոր որևէ բան չկար դրանում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իրավունք չունի խոսել ագրեսիայից, քանի որ իրենք են հենց ագրեսիա տարածողը: «2018թ. Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Զանգեզուրը, Սևանը, Երևանն Ադրբեջանի պատմական հողերն են ու մի օր վերադարձնելու են: Այսինքն՝ սա հավակնություն էր ՀՀ տարածքների նկատմամբ: Նրանք նաև հայտարարում են, որ խնդիրն ունի մեկ կարգավորում՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»,- շեշտեց Ադրբեջանի հարցերով փորձագետը:

Խոսելով սահմանային իրավիճակի մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ որևէ լուրջ փոփոխություն չկա: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը փորձում է լարել իրավիճակը ինչպես Հայաստանի սահմանին՝ Նախիջևանի և Տավուշի ուղղություններով, այնպես էլ Արցախի Հանրապետության ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ներկայացրեց մինչև 2050 թվականը զարգացման ռազմավարական  նպատակները։ Նա իր ելույթում նշեց, որ պատեհ է համարում համազգային քննարկմանը ներկայացնել ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը, խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։ Ելույթի ընթացքում նա հայտարարեց. «Արցախը Հայաստան է և վերջ»:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ