1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփանակերտի ելույթի ադրբեջանական շահարկումները

Ստեփանակերտի ելույթի ադրբեջանական շահարկումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի ելույթն իր ձևաչափով բացառիկ էր, իսկ բովանդակությամբ՝ բավական ընդգրկուն: Ելույթի ընթացքում բարձրացված մի շարք թեմաներ դարձան անգամ հանրային քննարկումների առարկա, ինչը կարևոր է դրանց զարգացման և կյանքի կոչման տեսանկյունից: Սակայն, հատկանշական է, որ ելույթի որոշ շեշտադրումներ, մասնավորապես` «Միացում», «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունները թիրախավորվեցին որոշ քաղաքական շրջանակների կողմից և սկսեցին շահարկվել ու մեկնաբանվել համատեքստից կտրված: Ինչպես և կարելի էր կանխատեսել, ՀՀ վարչապետի ելույթին բավական հիվանդագին արձագանքեց նաև Ադրբեջանը. ադրբեջանական քարոզչամեքենան գործի դրեց իր ողջ գործիքակազմը, և բոլոր հնարավոր մակարդակներով հետևողականորեն տարածվեցին հակահայկական թեզեր և մեկնաբանություններ, որոնց հիմնական խնդիրն էր հայկական կողմին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ, որը, իբր, տապալում է բանակցային գործընթացը: Ադրբեջանական կողմի արձագանքներում ծայրահեղականության պակաս չկա, ինչն արտահայտվում է հայատյացությամբ, անձնական բնույթի վիրավորանքներով և մինչև անգամ պատերազմ սկսելու կոչերով:

Իրականում, սակայն, ադրբեջանական այս արշավի հիմքում ընկած էին փաստերի պարզագույն մանիպուլյացիան և աղճատումը: Նախ` նշենք, որ ՀՀ վարչապետի՝ Ստեփանակերտում ունեցած ելույթի թիրախ-նպատակը ազգային միասնության ամրապնդումն ու «համայնքային» մտածողության, բաժանարար գծերի հաղթահարման խթանումն էր: Ծանոթանալով ելույթին՝  կարելի է միանշանակ պնդել, որ «Միացում», «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունները վարչապետը կիրառել է հենց ազգային միասնության ամրապնդման և համահայկականության գաղափարի շրջանակներում, ինչն ունի կենսական կարևորություն թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Սփյուռքի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առավել քան անհեթեթ են պաշտոնական Բաքվի այն հայտարարությունները, թե իբր տվյալ շեշտադրումները հակասում են բանակցային գործընթացին, և Հայաստանը փորձում է տապալել խաղաղ բանակցային գործընթացը: Ավելին, ելույթի ընթացքում ՀՀ վարչապետը հստակ ընդգծել է, որ դրա շրջանակներում չի պատրաստվում անդրադառնալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, քանզի մինչև այժմ արված հրապարակային հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունի, իսկ բանակցային գործընթացում մեր գործողությունների առանցքը շարունակում է մնալ այն, ինչի մասին նա հայտարարել է 2019 թվականի մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում և հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Ըստ էության, հայկական կողմի դիրքորոշման փոփոխության մասին խոսելն ավելորդ է. Հայաստանը հաստատակամ է հասնելու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մերժելով ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում, ինչպես հաստատակամ է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Այն, որ տարբեր հայտարարությունների էությունը խեղաթյուրելը բնորոշ է ադրբեջանական կողմին, նորություն չէ, և կանխատեսելի էր, որ վարչապետի՝ Ստեփանակերտում արված հայտարարությունները կդառնան Ադրբեջանի կողմից հակահայկական նոր հիստերիայի առիթ: Բաքվի անհիմն մեղադրանքներին բավական մանրամասն անդրադարձ կա նաև ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, որտեղ ընդգծվում է նաև, որ բանակցային գործընթացը խոչընդոտող կողմը հենց Ադրբեջանն է, որը «շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, որոնք ուղեկցվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում»:  

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ Ադրբեջանի կողմից պաշտոնական մակարդակով կազմակերպված այս արշավի հիմքում կարելի է նշմարել լիովին այլ՝ ներքաղաքական գործոններ: Իսկ ներքին խնդիրների դեմ պայքարի համար, ինչպես հայտնի է, Բաքուն գործի է դնում իր փորձարկված մարտավարությունը՝ թշնամու կերպարի ամրապնդում, Ղարաբաղյան գործոնի շահարկում և դրանով հանրային ուշադրության շեղում ներքին տարաբնույթ խնդիրներից: Ադրբեջանի հերթական արշավը ևս տեղավորվում է դասական դարձած քայլերի այս ալգորիթմի շրջանակներում:

 

Նարեկ Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]