Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սինանյանը Համահայկական խաղերը դիտարկում է Հայաստան-սփյուռք նոր հարաբերությունների մարմնավորում

Սինանյանը Համահայկական խաղերը դիտարկում է Հայաստան-սփյուռք նոր 
հարաբերությունների մարմնավորում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Համահայկական խաղերը դիտարկում է որպես Հայաստան-սփյուռք նոր որակի հարաբերությունների մարմնավորում: Այս մասին Սինանյանն ասաց օգոստոսի 6-ին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում:

«Այս խաղերը պետք է ունենան միասնության և համախմբման խորհուրդ: Մենք նոր քաղաքականություն և նոր մշակույթ ենք ստեղծում Հայաստան-սփյուռք հարաբերություններում, և այս նոր քաղաքականության հիմքում գտնվում է հայաստանակենտրոն հայությունը: Այլևս սփյուռքը չի դիտվելու զուտ ռեսուրսների ակունք: Մենք միացյալ ուժերով պետք է ստեղծենք մեր ուզած հայրենիքը: Այս խաղերն էլ այս պահին մարմնավորում են այդ քաղաքականության սկիզբը»,- ասաց Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը խաղերի բացման արարողությունն Արցախում անցկացնելը կարևորեց նրանով, որ աշխարհի հայությունն այս անգամ Ստեփանակերտում է ոչ թե պատերազմական իրավիճակով պայմանավորված, այլ սպորտային միջոցառման մասնակցելու:

«Արցախը 90-ական թվականներին դարձավ հայության միասնությունը մարմնավորող մի սուբյեկտ, քանի որ պատերազմը տեղի էր ունենում Արցախում: Կարծես այդ փոքր ժամկետում բոլորս կարողացանք միանալ և հաղթել շատ դժվար պայմաններում, որտեղ բոլոր օբյեկտիվ հաշվարկները մեր դեմ էին, և ահա, այլևս մենք Արցախում չենք միավորվում զուտ պատերազմական իրավիճակի շուրջ, այլ միավորվում ենք սպորտային միջոցառման պատճառով: Սա շատ դրական է, քանի որ Արցախը շատ ավելին է, քան Հայաստանի միջնաբերդը կամ Ամրոցը լինելն օտար ազգերի դեմ»,- նշեց նա:

Զարեհ Սինանյանն ընգծեց նաև այն հանգամանքը, որ համահայկական խաղերի մասնակիցները Արցախ են ժամանում ընտանիքներով, ծանոթանում մշակույթին, ավանդույթներին, պատմությանը, ինչն էլ կարող է ազգային մտածողության և լեզվի պահպանման խթան հանդիսանալ:

«Մարդիկ ոգևորված եկել են իրենց երեխաների հետ, եկել են մասնակցելու խաղերին, այցելելու իրենց հայրենիքն ու ամրապնդելու իրենց կապը հայրենիքի հետ: Մենք քիչ առաջ Դադիվանքում էինք, այնտեղ Եգիպտոսի 180-հոգանոց թիմն էր իրենց ծնողների և մարզիչների հետ: Լսում էինք, որ շատերն արաբերեն էին հաղորդակցվում, բայց Հայաստան հաճախ այցելելով և ավելի կապվելով հայրենիքի հետ իրենց հայալեզու լինելը կվերականգնվի»,- ասաց Զարեհ Սինանյանը:

7-րդ համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում, ժամը 21:00-ին: Ավանդույթի համաձայն, այն կվարի Կարեն Գիլոյանը: Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]