Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկել է Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադան

Մեկնարկել է Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադան

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադան անցկացվելու է օգոստոսի 5-11-ը՝ Աղվերանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությունը տեղի ունեցավ Երևանում՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Այս տարի օլիմպիադային մասնակցում է Հայաստանի, Արցախի, և սփյուռքահայ գաղթօջախների՝ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Քուվեյթի 80 ներկայացուցիչ:

Բացի հիմնական՝ լեզվի, գրականության, պատմության և հայ մշակույթի պատմության մրցույթներից, անցկացվելու են հայկական երգի և պարի լրացուցիչ նախասիրական մրցույթներ: Օլիմպիադային մասնակցում են 14-18 տարեկան հայագիտության անհրաժեշտ իմացություն ունեցող հայկական կրթօջախների սաները:

15–ամյա Միլենա Հովեյանը, ով Տյումենից է եկել մասնակցելու օլիմպիադային՝ լրագրողների հետ զրույցում ասաց, թե հույս ունի, որ ամեն ինչ շատ լավ է անցնելու, քանի որ ամբողջ ամառը պատրաստվել է։

«Տյումենի հայկական դպրոցի ուսուցիչները մեզ շատ են օգնել, որպեսզի պատրաստվենք։ Պարապելիս շեշտը դրվել է «Հայոց լեզու» և «Պատմություն» առարկաների վրա։ Անկեղծ ասած` ինձ համար ավելի կարևոր է օլիմպիադային մասնակցելը, քան հաղթելը, քանի որ սա փորձ է և առիթ`գիտելիքներդ լրացնելու»,–նշեց Միլենան։

Նրա խոսքով` չնայած, մայրը հայոց պատմության մասին պարբերաբար խոսել է, սակայն պարապելու ընթացքում ավելի խորքային գիտելիքներ է ձեռք բերել։

16-ամյա Շահան Անթաբյանն էլ Քուվեյթից է եկել Հայաստան` հայագիտական օլիմպիադային մասնակցելու։ Նրա խոսքով` «Հայոց լեզու» և «Պատմություն» առարկաների իր ուսուցիչները` պարոն Հովհաննեսն ու Ջորջն են օգնել, որպեսզի իրենց խումբը պատրաստվի օլիմպիադային։

«Ուզում էի մեր պատմության մասին ավելի շատ բան իմանալ, ինչի համար էլ սկսեցի ակտիվ պարապել։ Օլիմպիադան առիթ էր հայոց պատմությունից գիտելիքներս համալրելու»,–ասաց Շահանը։

Նա շեշտեց, որ Քուվեյթից 5 հոգով են եկել Հայաստան` հայագիտական օլիմպիադային մասնակցելու՝ 4 տղա և 1 աղջիկ։

Համահայկական օլիմպիադային մասնակցության հնարավորություն ունեն նաև այն պատանիները, ովքեր չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա ավանդական օլիմպիադա չէ, և այստեղ ավելի կարևոր է աշակերտների մասնակցությունը և ոչ՝ հաղթանակը:

«Այս մրցույթի միջոցով փորձում ենք այնպես անել, որպեսզի արտասահմանում ապրող հայազգի աշակերտներն ավելի լավ ճանաչեն հայոց լեզուն, հայոց պատմությունն ու մշակույթը»,- նշեց Մնացականյանը:

Ծրագրի մասնակիցներն այցելելու են Սևանի ազգային պարկ, Սևանավանք, նրանց համար կազմակերպվելու են դասախոսություններ հայաստանյան պեղումների վերաբերյալ: Նախատեսված են այցելություն Կոմիտասի թանգարան, կրթական ծրագիր՝ երգի և պարի ուսուցում, ժամանցային միջոցառումներ:

Համահայկական օլիմպիադաներն անցկացվում են 2003 թվականից՝ երկու տարին մեկ անգամ, պետական միջոցներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]