Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինչո՞վ է պայմանավորված սահմանային լարվածության աճը

Ինչո՞վ է պայմանավորված սահմանային լարվածության աճը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հուլիսի վերջից նկատելի է սահմանային լարվածության որոշակի աճ, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցավ զոհ և երկու վիրավոր: Հակառակորդի գործողություններին համարժեք պատասխանի արդյունքում ադրբեջանական կողմը ևս կրեց կորուստներ, որոնց քողարկման համար Բաքուն զգալի ջանքեր էր գործադրում, սակայն ապարդյուն:

Թեև Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները և հրադադարի ռեժիմի խախտումները նորություն չեն, այնուամենայնիվ, շուրջ մի քանի ամիս հարաբերական հանգիստ վիճակից հետո լարվածության այս աճի հիմքերը կարիք ունեն վերլուծության: Նախ և առաջ, պետք է արձանագրել, որ ինչպես և ցանկացած էսկալացիայի դեպքում, գործ ունենք ոչ թե մեկ, այլ մի շարք պատճառների հետ, որոնց կարևորությունը փոփոխվում է կախված իրավիճակից և հարակից այլ գործոններից: Այնուամենայնիվ, հուլիսի վերջից նկատվող էսկալացիայի հնարավոր պատճառների շարքում կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական գործոնները:

  1. Առաջընթացի բացակայություն բանակցային գործընթացում: Հայաստանում 2018թ. տեղի ունեցած փոփոխություններից հետո թե՛ Ադրբեջանը, թե՛ որոշ միջազգային դերակատարներ ակնկալում էին, որ ՀՀ նոր իշխանությունների բարձր լեգիտիմությունը կարող է նպաստել հայկական կողմի՝ բանականությունների սեղանին զիջումների գնալու պատրաստակամությանը, կարմիր գծերի թուլացմանը: Սակայն, իրականում, տեղի ունեցավ հակառակը. նույն լեգիտիմությունը Երևանին հնարավորություն տվեց առավել հստակ ձևակերպել իր մոտեցումները թե՛ բանակցային գործընթացի առանձին տարրերի, թե՛ դրա համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման հարցի հետ կապված: Ադրբեջանն իր հերթին մինչ օրս շարունակում է առաջնորդվել իր առավելապաշտական մոտեցումներով, ինչն, անշուշտ, գրեթե զրոյացնում է որևէ առաջընթաց արձանագրելու հնարավորությունը: Իր համար ցանկալի առաջընթացի և նման հեռանկարի բացակայության պայմաններում, ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանը փորձում է վերադառնալ սահմաններում լարվածության պահպանման իր մարտավարությանը, ինչը մի կողմից օգտագործվում է ուժի և ուժի սպառնալիքի  միջոցով բանակցային սեղանին հայկական կողմից զիջումների հասնելու, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը ստատուս-քվոյի փոփոխության անհրաժեշտության ուղերձ հղելու համար:
  2. Քարոզչական խնդիրներ: Գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան գործոնը տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների կողմից օգտագործվել է որպես կարևոր խաղաքարտ հանրային տրամադրությունները մանիպուլացնելու, սեփական իշխանությունը պահպանելու և ամրապնդելու նպատակով: Ադրբեջանում թշնամու կերպարի ձևավորման գործընթացն այս ընթացքում ստացել է աներևակայելի ծավալներ և դրսևորումներ, ինչի մասին կան հրապարակված մեծաթիվ փաստեր: Հակահայկական քարոզչության բորբոքման, հանրային ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար կարևոր դերակատարում են ունեցել և ունեն նույն սահմանային էսկալացիաները, որոնք ադրբեջանական ԶԼՄ-ներն օգտագործում էին բավական հմտորեն՝ հանրային տրամադրությունները մանիպուլացնելու նպատակով: Վերջին ամիսներին պահպանվող հարաբերական հանդարտ վիճակն, անշուշտ, նվազեցնում էր Ղարաբաղյան գործոնը շահարկելու հնարավորությունների շրջանակը: Նման իրավիճակում չենք կարող բացառել, որ նույն ադրբեջանական քարոզչամեքենան հանրային տրամադրություններում արձանագրել է որոշակի ռիսկային միտումներ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի առաջնայնության նվազում և սոցիալ-տնտեսական խնդիրների, քաղաքացիական իրավունքների կարևորում, ինչն ուղղակի մարտահրավեր է Ալիևի իշխանության համար: Իսկ այդ ռիսկերի չեզոքացման լավագույն և փորձված գործիքը, ինչպես արդեն նշվեց, սահմանային լարվածությունն է:
  3. Պայքար դիրքային առավելության համար: Հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր, հատկապես վերջին տարիներին, թե՛ Հայաստան-Ադրբեջան, թե՛ Արցախ-Ադրբեջան սահմաններին ընթանում է ակտիվ մրցակցություն` առավել շահավետ դիրքերում վերահսկողություն հաստատելու, ամրապնդվելու նպատակով, որն ուղեկցվում է նաև ինժեներական ակտիվ աշխատանքներով: Վերջին ամիսներին հաստատված հարաբերական հանգիստ իրավիճակում ևս այս մրցակցությունը շարունակվել է և նույն պաշտոնական հաղորդագրություններից հստակ երևում է, որ հենց այդ մրցակցությունը, միջդիրքային տարածության կրճատումը դառնում է նաև լարվածության և միջադեպերի պատճառ: Հուլիսի վերջի լարվածությունը ևս բացառություն չէ. այն ադրբեջանական կողմի՝ դիրքային առավելության հասնելու փորձերի հետևանք է, որոնք, իհարկե, կասեցվել են հայկական կողմից:
  4. Ադրբեջանի սահմանապահ զորքերի գործոնը: Ինչպես հայտնի է, 2018թ.-ի դեկտեմբերին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը (որին ուղղվել է ամերիկյան օժանդակությունը) ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը և այդ շրջանում սկսել էր ակտիվ ինժեներական և ամրաշինական աշխատանքներ: Հաշվի առնելով, որ սահմանային լարվածության հիմնական ուղղությունը հենց Տավուշն էր՝ չենք կարող բացառել, որ ադրբեջանական սահմանապահ զորքերի կամ տվյալ հատվածի դիրքերի հրամանատարները խնդիր ունեն «արդյունքներ» ցույց տալ, ինչի համար էլ դիմում են տարաբնույթ սադրանքների:

Սահմանային լարվածության հիմքում, անշուշտ, կարելի է դիտարկել նաև այլ գործոններ, որոնք որոշակիորեն ազդում են իրավիճակի վրա: Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ ստեղծված իրավիճակն ունի անկայունացման որոշակի ռիսկեր, ինչի մասին հստակ անդրադարձ կար նաև ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Հնարավոր էսկալացիայի կանխարգելման և այս ամիսներին ձևավորված փոքրիշատե դրական ֆոնի պահպանման նպատակով՝ բավական կարևոր է ոչ միայն համանախագահների վճռական և աներկբա դիրքորոշումը՝ դատապարտող Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը, այլ նաև ջանքերի ակտիվացումը բանակցային գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:   

 

Նարեկ Մինասյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]