Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Հայ դատի հանձնախումբն այս տարի ԱՄՆ-ից Հայաստանի համար 85 մլն դոլարի աջակցության հույս է հայտնում


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, անկախությունից ի վեր, ԱՄՆ-ից ստացել է 2 մլրդ դոլարի չափով օգնություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը նշեց, որ այդ գործում հանձնախումբը մեծ դերակատարում է ունեցել: Նա տեղեկացրեց, որ այս տարիների ընթացքում Արցախն էլ ԱՄՆ-ից աջակցություն է ստացել 45 մլն դոլարի չափով:

«Ի դեպ, Արցախը միակ երկիրն է, որը չճանաչված է և ԱՄՆ-ից ուղղակի աջակցություն է ստանում»,-ասաց Նորա Հովսեփյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված, որ ԱՄՆ-ի կառավարությունը կրճատում է ֆինանսավորումը Հայաստանի ուղղությամբ, սակայն Ադրբեջանին նախատեսում է տրամադրել 100 մլն դոլար Իրանի հետ սահմանին ծրագիր իրականացնելու համար: Նորա Հովսեփյանը նշեց, որ դա կեղծ լուր է, 100 մլն դոլար ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրելու:

«Իհարկե, ֆինանսավորում լինելու է, սակայն ոչ այդ չափով: Այդ գումարը նախատեսված է Ադրբեջանի և Իրանի սահմանին ծրագիր իրականացնելու համար: ԱՄՆ-ն Ադրբեջանը դիտարկում է կարևոր գործընկեր Իրանի դեմ: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի ֆինանսավորմանը, ապա ասեմ, որ Թրամփի քաղաքականությունն է այդպիսին, նա բոլոր ուղղություններով կրճատում է: Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ: Հայաստանի համար 40 մլն դոլար է նախատեսված, առաջարկ է եղել ևս 45 մլն դոլար ավելացնելու: Արցախի վերաբերյալ 5 մլն դոլարի հույս ունենք, Հայաստանի հետ կապված 85 մլն դոլարի»,-ասաց Նորա Հովսեփյանը:

Նա նշեց, որ ակտիվ աշխատում են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակության այցը դիտարկվում է այդ համատեքստում: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԳՆ-ին, Սփյուռքի հարցերով հանձնակատարին աջակցելու համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ