1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տուրիստական ընկերությունները պարտավոր են սպառողի հետ կնքել պայմանագիր. մասնագետի դիտարկումները

Տուրիստական ընկերությունները պարտավոր են սպառողի հետ կնքել պայմանագիր. 
մասնագետի դիտարկումները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առաջացած խնդիրները արագ լուծում են պահանջում:

 Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Երևան-Հուրգադա-Երևան չկայացած չվերթների դեպքը ցույց տվեց, թե ինչ անելիքներ կան ոլորտում: Նախ՝ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ հանրապետությունում գործող տուրիստական ընկերությունների զգալի հատվածը սպառողների հետ աշխատում է առանց պայմանագրերի: Այնինչ, պայմանագրով աշխատելն օրենքի պահանջ է:

«Օրենքը սահմանում է նվազագույն պահանջներ, որոնք պետք է արտացոլվեն պայմանագրում: Իսկ ի՞նչ ունենք մենք, տուրիստականների մի որոշ հատված չի աշխատում պայմանագրով, ինչպես տեսանք Հուրգադայի դեպքի հետ կապված: Հետևաբար, տուրփաթեթ գնելիս անհրաժեշտ է պահանջել պայմանագիրը, մանրամասն այն ուսումնասիրել, դիտարկել տուրիստականի անցած ուղին, հեղինակությունը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Եթե տուրիստական ընկերության մեղքով քաղաքացու հանգիստն ամբողջությամբ չի կազմակերպվել, և չկա երկուսի միջև կնքված պայմանագիր, ապա այստեղ տուրիստականը հայտնվում է նվազ անբարենպաստ վիճակում, դատարանում հաշվի է առնվում քաղաքացու, տվյալ դեպքում սպառողի խոսքը: Նույնիսկ եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ սպառողի, ըստ Մեխակ Ապրեսյանի, այստեղ ևս կարող է խնդիր լինել, օրինակ, երբ ընկերությունը սնանկ ճանաչվի: Այդ դեպքում գումարը ետ վերադարձնել ցանկացող քաղաքացին կրկին փաստի առաջ է կանգնում:

«Ոլորտը կարգավորող նոր օրենք է անհրաժեշտ: Պետք է զբոսաշրջային օպերատորի, գործակալի գործունեությունը լիցենզավորվի  կամ այդ գործունեության տեսակները սահմանվեն որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ: Սահմանվեն որակական չափանիշներ, ինչպես նաև ֆինանսական մեխանիզմներ ներդրվեն, ինչը կիրառվում է եվրոպական երկրներում: Ֆինանսական մեխանիզմի ներդրմամբ, զբոսաշրջային օպերատորի սնանկության դեպքում, առնվազն ապահովվում է սպառողի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Դրանից բացի, պետական համապատասխան մարմինը կունենա վերահսկողական լծակ: Եթե տուրիստականն իր պարտականությունները չի կատարի, ապա պետությունը կարող է նրան զրկել լիցենզիայից:

Մեխակ Ապրեսյանի խոսքով, թող տպավորություն չստեղծվի, թե բոլորն օրենքի պահանջները չեն կատարում, դաշտում կան բարեխիղճ տնտեսավարողներ, սակայն անբարեխիղճներն իրենց գործունեությամբ ստվեր են գցում ընդհանուր դաշտի վրա:

«Պետք է լիցենզավորվի նաև զբոսավարի գործունեությունը: Ժամանակին դա արվում էր, սակայն դադարեցվեց: Կարծում եմ, որ զբոսաշրջային տրանսպորտի գործունեությունը նույնպես պետք է լիցենզավորվի: Այսինքն՝ այս բացերը կլրացվեն նոր օրենքով»,-ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջության ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը մշակված է, այժմ լրամշակման գործընթաց է գնում: Կոմիտեն հայտարարել է, որ մինչև տարեվերջ նախագիծը կներկայացվի կառավարություն: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]