Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ աշխատակիցների կողմից 1 մլն դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպք

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ աշխատակիցների կողմից 1 մլն դրամ կաշառք 
պահանջելու և ստանալու դեպք

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից  խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված պահանջներ են ներկայացրել՝ իրացման շրջանառությունը հիմնականում հաշիվ-ապրանքագրերով  կազմակերպելու վերաբերյալ՝ սպառնալով հակառակ դեպքում բազմաթիվ ստուգողական բնույթի  միջոցառումներ իրականացնել՝ ըստ էության ստեղծելով գործունեության անտանելի պայմաններ:

Տնտեսվարողին անելանելի դրության մեջ դնելուց հետո՝ ՊԵԿ պաշտոնատար անձինք  ընկերության նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում թվացյալ խախտումներ չհայտնաբերելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջադրելու  համար պահանջել են շուրջ 2.000.000 դրամ կաշառք, որը սակարկությունների արդյունքում նվազեցվել է մինչև 1.000.000 ՀՀ դրամի:

Պայմանավորված գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո պաշտոնատար անձինք բռնվել և բերման են ենթարկվել: 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ,  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության 2 գլխավոր օպերլիազորները ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն:

«ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալող  անձանց ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում նմանատիպ իրավիճակներում հայտնվելու դեպքում տեղի չտալ անօրինական պահանջներին և անմիջապես  դիմել համապատասխան մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համար­վում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]