1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախ-Ադրբեջան երկկողմ բանակցություններ. 1993 թ. հուլիսի 28-ի զինադադարի համաձայնագիրը

Արցախ-Ադրբեջան երկկողմ բանակցություններ. 1993 թ. հուլիսի 28-ի զինադադարի համաձայնագիրը

Մինչև 1994թ. մայիսի հրադադարի հաստատումը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրվել է զինադադարի մի քանի երկկողմ համաձայնագիր: Այդ պայմանավորվածությունները, ինչպես նաև հրադադարի պայմանագրի կնքումը հնարավոր է եղել միայն Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության շնորհիվ: Այս համատեքստում հետաքրքրական է վերհիշել մասնավորապես 1993թ. հուլիսի 28-ի զինադադարի համաձայնության ձեռքբերումը. բանակցությունները տեղի են ունեցել Մարտակերտի մոտակայքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև:

1993թ. հուլիսին՝ Ակնայի (Աղդամ) շրջանի հայկական ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո, ադրբեջանական կողմը իր կրած հերթական պարտության արդյունքում ստիպված էր զինադադար հաստատելու ուղղությամբ ջանքեր ներդնել: 1993թ. հուլիսի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը նամակ է գրել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությանը՝ բանակի հրամանատար Սամվել Բաբայանին՝ համաձայնության դեպքում եռօրյա ժամկետով կրակը դադարեցնելու  և այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու առաջարկով (տե՛ս դիմումը):

1993 թ. հուլիսի 28-ին Մարտակերտի մոտակայքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը (տեսանյութ, տե՛ս նաև հանդիպման պայմանավորվածության մասին Սաֆար Աբիևի՝ Սամվել Բաբայանին հղած դիմումը): ԼՂՀ կողմից մասնակցում էին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը, ազգային անվտանգության գլխավոր վարչության նախագահ Կամո Աբրահամյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Աղասարյանը և Արսեն Մելիք-Շահնազարովը՝ որպես քարտուղար: Ադրբեջանական կողմը ներկայացնում էին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը, պետական նախարար Ի. Ալիևը, Ռազմագերիների և պատանդների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ի. Քյազիմովը, ԱԳՆ ներկայացուցիչ Թոֆիգ Զուլֆուգարովը, քարտուղար Ն. Թալիբովը:

Հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական կողմին է փոխանցել ռազմական գործողությունների սահմանափակումը երկարաձգելու մասին համաձայնագրի տեքստը՝ ստորագրված պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից, որը Սաֆար Աբիևը ստորագրել է հաջորդ օրը և ֆաքսով ուղարկել Ստեփանակերտ (տե՛ս համաձայնագիրը): Ձեռքբերված զինադադարի պայմանավորվածությունը պահպանվել է մինչև օգոստոսի 5-ը, երբ հակամարտության գոտու ողջ երկայնքով իրականացված խոշոր կուտակումներից հետո ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման է անցել ռազմաճակատի հարավային, հարավարևելյան և արևելյան ուղղություններով: Ադրբեջանը, փաստացիորեն, զինադադարները օգտագործել է իր ուժերի վերախմբավորման նպատակով:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում 1993թ. սեպտեմբերի 3-ին Հեյդար Ալիևը կողմից ստորագրված Ադրբեջանի Գերագույն խորհրդի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովի անունով լիազորագիրը, որով նա լիազորվում է բանակցել  Ադրրեջանի և ԼՂՀ-ի [НКР] ղեկավարների հանդիպման հարցի շուրջ:

Հատկանշական է, որ այժմ Ադրբեջանում որպես «համազգային առաջնորդ» ճանաչվող Հեյդար Ալիևը 1993թ. սեպտեմբերի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ (որպես Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար) խոստովանել է, որ զինադադարի հարցով իրենք հանդիպել են «անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում իշխող ուժերի» հետ: Հեյդար Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչների և ԼՂ հայերի սեպտեմբերի 11-ին նախատեսված հանդիպման (կայացել է սեպտեմբերի 12-13-ին) նպատակն է «կրակի ամբողջական դադարեցման ձեռքբերումը և խաղաղության բանակցությունների համար հնարավորությունների ստեղծումը»:

Փաստորեն թե՛ կրակի դադարեցման և թե՛ խաղաղության բանակցությունների հնարավորության առումներով Ադրբեջանը ներկայացնող պաշտոնյաները բանակցություններ են վարել, ինչպես մասնավորապես Հեյդար Ալիևն է անվանում, «ԼՂ իշխող ուժերի» հետ: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարի հարցում վերոնշյալ բանակցությունները ցույց են տալիս, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում նույնպես ծայրաստիճան կարևոր է հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական մասնակցությունը:

Գևորգ Գալտակյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]