Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

«Երևանյան բեսթսելեր». Ազնավուրի գիրքը գլխավորում է աղյուսակը. փաստավավերագրական. հունիս, 2019


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ հունիսի վաճառքների:

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքն առաջին հորիզոնականում է: Այն Ազնավուրի գրած վերջին՝ իններորդ գիրքն է։ Սա թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը և ազատությունը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ հեղինակի արխիվից: 

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» երրորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը, կարծես, խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Լուկա Կայոլիի «Նեյմար»-ը չորրորդ հորիզոնականում է: Նեյմարն ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստն է, որը միջազգային մրցաշարերում դարձել է 60 գոլի հեղինակ։ Ժամանակն աշխատում է նրա օգտին, ու նա մոտենում է Պելեի 77 գոլերի ռեկորդին, որը երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել գերազանցել։ ՊՍԺ-ի հրաշամանուկը 22 տարեկանում արդեն հասցրել է Բրազիլիայի հավաքականում ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ, քան Ռիվալդոն ու Ժաիրզինյոն իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։ Լուկա Կայոլին՝ Մեսսիի եւ Ռոնալդուի մասին մարզական բեսթսելերների հեղինակը, պատմում է Նեյմարի անկասելի առաջխաղացման մասին՝ բացառիկ և ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների եւ երկրպագուների հետ:

Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: «Իմ, ժամանակի ու Ռուսաստանի մասին՝ երկյուղալի անկեղծությամբ». գիրքն այսպես է բնորոշում հեղինակը: Գիրքը գրվել է 21 տարի առաջ, անգլերեն, ԱՄՆ-ում այն 12 շաբաթ մնացել է The New York Times թերթի բեսթսելերների ցանկում: Երկար սպասումից հետո միայն 2012-ին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին» գրքի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը: Հայերեն հրատարակվել է 2019 թ.:

Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից: «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել և հասնել հաջողությունների: Ներառված են հեղինակի անցած ճանապարհը, փիլիսոփայությունը, կյանքի մարտավարությունը և թեմաներ, որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:

Յոթերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կսովորի 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Ալան Դիբի «1-էջանոց մարքեթինգային պլան» գիրքը ութերորդ հորիզոնականում է: Այն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակում դուք կկարողանաք հեշտությամբ քարտեզագրել ձեր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ձեռներեց, «1-էջանոց մարքեթինգային պլանը» ձեր բիզնեսի աճը խթանող մարքեթինգային պլան ստեղծելու ամենահեշտ ու ամենաարագ ձևն է:

Իններորդ հորիզոնականում է Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Տասներորդ հորիզոնականում է Մասարու Իբուկայի «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը: Այս զարմանալիորեն բարի գրքի հեղինակը կարծում է, որ փոքրիկ երեխաներն ամեն ինչ սովորելու ունակություն ունեն: Նա անդրադառնում է այն հսկայական ազդեցությանը, որ միջավայրն ունենում է նորածինների վրա, և առաջարկում է ուսուցման պարզ ու հասկանալի մեթոդներ, որոնք նպաստում են երեխայի վաղ զարգացմանը: Նրա կարծիքով՝ այն, ինչ մեծերը յուրացնում են մեծ դժվարությամբ, երեխաները սովորում են առանց մեծ ջանքերի: Եվ այս գործընթացում գլխավորը նոր փորձը ճիշտ ժամանակին կիրառելն է: Բայց այդ «ճիշտ ժամանակը» կարող է հասկանալ միայն նա, ով մշտապես երեխայի հետ է:

 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Շառլ Ազնավուր

«Կյանքից կառչած»

Newmag 160
2 0

Ռոբերտ Քոչարյան

«Կյանքը և ազատությունը»

հեղ.հրատ. 87
3 +1

Գերի Չեփմեն

«Սիրո 5 լեզուները»

Newmag 83
4 նոր

Լուկա Կայոլի

«Նեյմար»

Newmag 49
5 -2

Վլադիմիր Պոզներ

«Հրաժեշտ պատրանքներին»

Օրակուլ 49
6 +2

Սամվել Աղաջանյան

«Կհանդիպենք բարձունքում»

հեղ.հրատ. 47
7 -1

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 38
8 -3

Ալան Դիբ

«1-Էջանոց մարքեթինգային պլան»

Էդիթ Պրինտ 30
9 0

Սթիվեն Քովի

«Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները»

Էդիթ Պրինտ 27
10 նոր

Մասարու Իբուկա

«Երեքից հետո արդեն ուշ է»

Էդիթ Պրինտ 26



Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ