Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իմ աշխարհը խոհանոցի քաոսն է. Անի Մելիքյան

 Իմ աշխարհը խոհանոցի քաոսն է. Անի Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասում են` դաշնակահարի մատերը նուրբ են, մշտապես խնամված և գեղեցիկ, խոհարարների դեպքում ձեռքերն ապահովագրված չեն վնասվածքներից: Բայց պարզվում է, որ դաշնակահարի մատերը լավագույնս կարող են զգալ համերի արարման մոգական մեղեդին: Միանգամայն տարբեր երկու մասնագիտություն, երկու աշխարհ, բայց դրանց կողքին բազմաթիվ փորձեր՝ է՜լ լրագրող, է՜լ PR մասնագետ: Մասնագիտական խաչմերուկներում վերջնականապես կողմնորոշված, երազանքի հետքերով քայլող քսանչորսամյա Անին՝ նպատակների, ներքին պայքարների և խոհարարի պատասխանատու ու բարդ աշխատանքի մասին:

-Անի՜, քչերը գիտեն, որ մինչ խոհարարությամբ զբաղվելն ունեցել ես տարբեր մասնագիտություններ և հետաքրքրություններ, սկսենք ամենասկզբից՝ դաշնակահարուհի ես…

Երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին ընդունվելն ու դստերը երաժիշտ տեսնելը մայրիկիս ցանկությունն էր: Ես ջութակ էի սիրում, բայց գիտեի, որ երաժիշտ չեմ դառնալու, որովհետև կար կարծրատիպ, թե արվեստագետները Հայաստանում լավ չեն վաստակում, իսկ ինձ համար սկզբունքային էր սեփական ուժերով բարձունքների հասնելն ու բարեկեցիկ կյանք ունենալը: Հետո մտածում էի ընդունվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ  հայրս էր սովորել, բայց հենց նրա խորհրդով էլ չընտրեցի այդ ուղին.

Կյանքն իմ մեջ եռում էր, և շատ էին ասում, որ ինձ կհամապատասխանի լրագրողի մասնագիտությունը. ընդունվեցի ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ավարտեցի, նույնիսկ աշխատել եմ որպես լրագրող:  Բայց դա իմ տեղը չէր, զգում էի՝ չէի կարող դառնալ այն մասնագետը, որը ցանկանում էի, իսկ միջակություն լինելն ինձ համար չէ:

- Անի՜,  բազմաթիվ դեգերումներից  հետո, «վերջին կանգառը» խոհարարությունն էր: Ինչպե՞ս հասար այդ կետին:

Լրագրությունից հետո ընդունվեցի մագիստրատուրա՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապերի բաժին: Ինձ  թվում էր՝ դա հենց այն մասնագիտությունն է, որն իմն է, և մեկ տարի շատ լավ սովորել եմ: Բայց...

Համալսարանում դասերից մեկի  ժամանակ  հյուրընկալել էինք  «Երեմյան Փրոջեքթս»-ի PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանին, ով այնքան սիրով ու ջերմությամբ էր պատմում իր աշխատանքի, կազմակերպության գործունեության և նախագծերի մասին, որ նա դարձավ  իր աշխատանքը շատ սիրող մարդու վարակիչ օրինակ և  ստիպեց ինձ մտածել՝ դա հենց այն տեղն է, որտեղ պետք է աշխատեմ հետագայում՝ որպես PR մասնագետ, կամ մարքեթոլոգ:  Բայց խոհարար աշխատելը պլաններումս չկար: Սկսեցի  ուսումնասիրել «Երեմյան Փրոջեքթս»-ը և ակտիվ հետևել կազմակերպության գործունեությանը: Շատ տպավորված էի, քանի որ տեսնում էի Հայաստանում գոյություն ունի հաջողակ և գրագետ ռեստորանային բիզնես:

Հետո պատահաբար գտա «Մասթեր շեֆ» հաղորդումը, և ինձ համար բացահայտեցի, թե խոհարարություն սովորող մարդկանց համար որքան բարդ ու սթրեսային է այդ գործը, ինչքան դժվարությունների միջով են նրանք անցնում: Չհասկացա՝ ինչպես, բայց խոհարարությունն աստիճանաբար սկսեց ձգել ինձ: Տեսա ինձ խոհանոցում և հասկացա, որ պատրաստ եմ այդ մարտահրավերին:

Մեկ տարի մագիստրատուրայում սովորելուց հետո ուսումս կիսատ թողեցի և սկսեցի իտալերեն  սովորել՝ Իտալիա տեղափոխվելու նպատակով: Այդ ժամանակ հստակ էի որոշել, որ ուզում եմ  խոհարար դառնալ:

Ընտանիքս ըմբռնումով մոտեցավ ՝ համարելով, որ բավականին հասուն եմ նման որոշման համար, կարծում էին ՝ երկար էի մտածել: Մինչդեռ որոշումս ակնթարթային էր, մտերիմներիցս շատերն անգամ  ինձ չէին հասկանում: Մինչ օրս էլ դեռ վախենում եմ, մտածելով՝ արդյոք ճիշտ ընտրություն եմ կատարել, բայց հիմա  վստահ եմ ու երջանիկ:   Մոտակա 10-15 տարին չեմ պատրաստվում լքել այս ոլորտը: Իմ կարծիքով կյանքը կարճ է մեկ մասնագիտություն ունենալու համար, որովհետև անխուսափելի է պահը,  երբ  լճանում ես:

-Ընտրել ես խոհարարի մասնագիտությունը, որովհետև այդտեղ չկա՞ լճացում:

Այս ոլորտն անընդհատ զարգացող, ճկուն և հեռանկարային է: Խոհարար լինելու համար պետք է բազմակողմանի զարգացած լինել, տիրապետել լեզուների, իմանալ մաթեմատիկա, կենսաբանություն: Այն, ինչ սովորում ես դպրոցում, կիրառվում է խոհարարության մեջ, և ինչքան զարգացած է լինում մարդը, այնքան ավելի հեշտ է ստացվում հմտանալ մասնագիտության մեջ:

Հաճախ էին ասում՝ ափսոս է գիտելիքը, որը ստացել ես մագիստրատուրայում, բայց ես վստահ էի, որ  միևնույն է չեմ  աշխատելու այդ  ուղղությամբ, և ափսոս է ոչ թե գիտելիքը, այլ այն ժամանակը, որը ես վատնելու եմ՝ թեպետ և չափազանց շատ եմ սիրում PR ոլորտը: Իմ աշխարհը խոհանոցի  քաոսն է:

-Իսկ  առաջ պատրաստու՞մ էիր, խոհանոցում քեզ հաճախ կարելի էր տեսնել:

Ինձ մոտ լավ էր ստացվում պատրաստելը, սիրել եմ խոհանոցը, բայց երբեք չեմ պատկերացրել ինձ խոհարարի դերում: Ի դեպ, բծախնդիր եմ՝ ոչ բոլորին եմ վստահում ինձ համար  պատրաստելու գործընթացը:  Խոհարարությունն ինձ համար առաջին հերթին մայրիկիս մատերն են: Մանկությանս ամենատպավորիչ դրվագներից է՝ մայրս՝ երիտասարդ կին, երկար գանգուր մազերով և նուրբ մատերով, խմոր է հունցում… Աշխարհի ամենագեղեցիկ պատկերն է դա: Ես նրան երբեք այս մասին չեմ ասել (Ժպտում է):

-Նշեցիր, որ  երաժիշտ չես  դարձել, որովհետև  հեռանկար չէիր տեսնում: Ի՞նչ ես կարծում, այս ոլորտն ապագայի առումով երիտասարդի համար կարո՞ղ է խոստումնալից լինել:

Իմ կարծիքով խոստումնալից է, որովհետև այստեղ անընդհատ զարգանալու և առաջ գնալու հնարավորություն կա: Ինձ համար սկզբունքային է Հայաստանի սահմաններից դուրս չաշխատելը: Արդեն շատ առաջարկներ եմ ստացել արտերկրից, բայց  ինքս ինձ խոսք եմ տվել, որ նվաճելու եմ նորանոր բարձունքներ, առաջին հերթին ինձ ապացուցելու համար, որ կարող եմ, և հետո այն մարդկանց, ովքեր վստահ են, թե Հայաստանում ինչ-որ բանի հասնել հնարավոր է միայն  ուրիշների աջակցությամբ, առանց  սեփական ուժերի:

-Առաջին փոքրիկ հաջողությունը: 

Ինձ թվում էր, որ 12 ժամ ոտքի վրա մնալ չեմ կարողանա, բայց դա հաղթահարեցի մեկ ամսում, ինչը մեծ նվաճում էր ինձ համար:

-Անի Մելիքյանի  առաջին օրը՝ որպես  խոհարար:

Առաջին օրը  եղել եմ  Smoking Chef սթեյք հաուսում: Այնպես էր ստացվել, որ նախորդ օրն ավարտել էի խոհարարական դպրոցն ու ունեի գեղեցիկ համազգեստ, որը ինձ ինքնավստահություն էր տալիս, այդ պահին լուրջ և կայացած խոհարար էի զգում ինձ: Սկզբում  խուսափում էի ասել, որ կիսատ եմ թողել մագիստրատուրան այստեղ հայտնվելու համար: Այդ պահից ես բախվեցի Հայաստանում խոհարարարի  մասին  կարծրացած պատկերացումներին: Նույնիսկ կայացած և փորձառու խոհարարներն են կարծում, որ մարդը, ով տիրապետում է օտար լեզուների, տարբեր այլ հմտությունների, չպետք է զբաղվի խոհարարությամբ: Կարծրատիպ կա, որ խոհարար դառնում են մարդիկ, ովքեր կյանքում այնքան էլ հաջողակ չեն, և լքել գիտական ոլորտը խոհարար դառնալու համար պարզապես լավ ապագայից հետ քայլ է իրենց տեսանկյունից:

-Ինչպե՞ս են օգնում  խոհարարի աշխատանքում մյուս  երեք մասնագիտություններդ:

Երբ ճգնաժամային և սթրեսային իրավիճակներ են լինում, մտքումս անընդհատ  դասական երաժշտություն է պտտվում. այդպես փորձում եմ ինձ հանգստացնել: Լրագրության շնորհիվ ես սովորեցի չվախենալ մարդկանց հետ շփվել, ինչը շատ կարևոր է հատկապես փոքր խոհանոցում աշխատելիս: Իսկ PR-ի գործիքներին տիրապետելն օգնում է հայկական խոհանոցը  ճանաչելի դարձնել և հանրությանը ներկայացնել խոհարարի մասնագիտությունը:

-Աշխատում ես մի կազմակերպությունում, որի  կարգախոսն է «Աշխատանքը սկսվում է երազանքից»: Աշխատանք ունես, իսկ ո՞րն է երազանքդ, ո՞ր երազանքի հետքերով ես  եկել այստեղ:

Երազանքս ներդաշնակության մեջ ապրելն է… Խնդիրներ, իհարկե, միշտ էլ կարող են լինել, բայց ես խաղաղ եմ: Երբ ճնշվում եմ ծանրաբեռնվածությունից, ուղղակի հիշում եմ  այն  կետը, որտեղից սկսել եմ, և  հիշեցնում եմ ինձ, որ այստեղ եմ նպատակի համար: Իսկ նպատակը պրոֆեսիոնալ խոհարար դառնալն է: Միշտ ինքս ինձ ասում եմ, որ ոլորտում էլ հայտնվեմ պետք է միջակ մասնագետ չլինեմ, որ չպետք է դառնամ գործս չսիրելով աշխատանքի գնացող տեսակ: Մանկուց երազել եմ լինել այնպիսին, ինչպիսին  հիմա եմ (ժպտում է):

-Որո՞նք են խոհարարի մասնագիտության բարդությունները:

Խոհարարական դպրոցում լինում էին դեպքեր, երբ չդիմանալով սթրեսային և ծանրաբեռնված իրավիճակներին, շատերն անավարտ էին թողնում ուսումը: Երկու շաբաթ բարդ աշխատանքային շրջան ունենալով  «Պանդոկ  Երևան» ռեստորանների ցանցում ավելի կոփվեցի և կարծում եմ, որ դրանից հետո խոհարարության հետ կապված ոչինչ ինձ այլևս չի վախեցնի: Եղել են անգամ դեպքեր, որ գիտակցելով ծանրաբեռնվածությունը և աշխատանքի ծավալը բարձրաձայն լաց եմ եղել, քանի որ պատասխանատվության զգացումը մեծ էր:

-Խորհուրդ նրանց, ովքեր  մտածում են, բայց  կողմնորոշված չեն այս մասնագիտության ընտրության  հարցում:

Կին խոհարարներին կարևոր է իմանալ, որ զոհողությունների են գնալու. առաջին հերթին մոռանալու են շպարի, ներկված եղունգների, կոսմետիկայի մասին, միշտ լինելու հավաքած մազերով: Անգամ կարծիքներ եմ լսել, որ դժվար է ընտանիք կազմել աշխատանքային թեժ գրաֆիկի պատճառով: Դրա համար, սովորաբար, խոհարարներն ամուսնանում են խոհարարների  հետ (ծիծաղում է): Սակայն ուզում եմ, որ մարդիկ երբեք չվախենան քայլ անելուց և ռիսկի դիմելուց:

-Ովքե՞ր են քո հերոսները:

Այն մարդիկ, որոնց հետ աշխատում եմ: Նրանք ամեն րոպե ինձ օրինակ են ծառայում, սովորեցնում են: Ուզում եմ իրենց նման լինել, մեկի պես հանգիստ մնալ ամենալարված ու սթրեսային իրավիճակներում,  մյուսի պես՝ ուշադիր ու նրբանկատ... Մի խոսքով իմ հերոսները հենց մեր խոհանոցում են:

Եվ, իհարկե, կան շատ հայտնի խոհարարներ, որոնց հաջողության պատմությունները ևս ոգեշնչող են. եղել են դեպքեր, երբ խոհարարների պատճառով անգամ ռեստորաններ են փակվել, բայց նրանք ոտքի են  կանգնել, զրոյից վերականգնել: Ես ուզում եմ լինել այդպիսինը՝ ուժեղ և հաջողակ:

-Որտե՞ղ ես պատկերացնում քեզ հինգ տարի անց:

Տարիներ անց ինձ, միանշանակ, պատկերացնում եմ Հայաստանում, «Երեմյան Փրոջեքթս»-ում, ես  փորձառու խոհարար եմ, ով օրինակ է նոր սերնդի համար (ժպտում է):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]