Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

 Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկիի արած հիմնական շեշտադրումները


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ավարտելով իր առաքելությունը Հայաստանում, այդ պաշտոնում վերջին անգամ հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ամփոփելով իր գործունեությունն ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս վիճակը: Ի թիվս ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցերի՝ Սվիտալսկին անդրադարձ է կատարել նաև արդարադատության համակարգի կատարելագործմանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի իրականացմանը, Ղարաբաղյան հիմնախնդրին, ժողովրդավարացման գործընթացին:

ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային ամենակարևոր հարցերից մեկին՝ դատական համակարգի բարեփոխումներին անդրադառնալիս՝ Սվիտալսկին կարևորել է դրանց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և միջազգային սկզբունքներին: Այս համատեքստում հատկանշական է ԵՄ պատրաստակամությունը Հայաստանին քաղաքական, խորհրդատվական և ֆինանսական աջակցության ցուցաբերելու հարցում: Նշենք, որ ֆինանսական աջակցությունն, ըստ Սվիտալսկիի՝ լինելու է ուղիղ, անմիջական և բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր, որն ավելի երկարաժամկետ է: Իսկ վերջինիս հետ կապված օրեր առաջ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում:

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզը մտնում է իրականացման փուլ: Նշենք, որ հունիսին Գործընկերության խորհուրդը հավանության է արժանացրել համաձայնագրի իրականացման ՀՀ կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը, որը, դեսպանի հավաստմամբ, բավական հավակնոտ փաստաթուղթ է: Այժմ քննարկվում են այն մեթոդները, որոնք թույլ կտան աջակցել Հայաստանին այս գործընթացի իրականացման համար:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա ԵՄ դիրքորոշումն այս հարցում մնացել է անփոփոխ. ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Ի դեպ, այս մոտեցումն ամրագրված է ՀՀ-ԵՄ համաձայնագրում և ըստ էության, այն արտահայտում է ԵՄ պաշտոնական դիրքորոշումը: 

Հատկանշական է նաև դեսպանի անդրադարձը ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացներին: Հետհեղափոխական շրջանում ՀՀ ժողովրդավարության կայացման գործընթացում 3 ամենաառանցքային ձեռքբերումներից կարելի է առանձնացնել հետևյալները՝ ազատ, արդար ընտրություններ, կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ հենքի ձևավորում, անպատժելիության զգացման վերացում:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ հեռացող դեսպանն իր ելույթի ընթացքում հստակ ուղերձներ է հղել ՀՀ նոր իշխանություններին՝ իրենց գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Խոսքը վերաբերում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ վիզաների ազատականացումը, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, անաչառ մամուլը:

Բավական կարևոր էր դեսպանի կողմից տրված դրական գնահատականը վիզաների ազատականացման գործընթացին ուղղված ջանքերի համատեքստում, մասնավորապես, այս հարցում վրացական կողմի հետ ակտիվ համագործակցությունը: Սա կարևոր  քայլ է, քանի որ թե՛ վրացական և թե՛ մոլդովական փորձի ուսումնասիրումը վիզաների ազատականացումից առաջ, ընթացքում և հետո՝ թույլ կտա պատկերացում կազմել այն հնարավոր խնդիրների մասին, որոնք կարող են ի հայտ գալ գործընթացում: Իսկ վիզաների ազատականացման գործընթացում զգալի տեղաշարժեր արձանագրելու համար ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորինս նվազեցնեն ապաստան հայցելու դիմումները, չխախտեն վիզաների ժամկետները և չչարաշահեն անվճար բուժծառայությունները:

Հաջորդ կարևոր ուղերձը կապված էր ՀՀ զարգացմանն ուղղված ԵՄ ֆինանսական աջակցության հետ: Դեսպանի խոսքում հատուկ ընդգծվեց «Հովանի»  հիմնադրամի կողմից 21 միլիոն եվրոյի տրամադրումը Հայաստանին: Հատկանշական է, որ այս հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները տրվում են ըստ տվյալ երկրի կատարողականի: Դեսպանի հավաստմամբ՝ ՀՀ կատարողականն  առավել բարձր է, քան հարևան Վրաստանում, ինչը, նրա գնահատմամբ, գովելի է: Սա, անշուշտ, խոսում է ՀՀ նկատմամբ դրական տրամադրվածության մասին, և եթե Հայաստանը շարունակի նման գործունեությունը, ապա հաջորդ տարիներին այս թիվը ոչ միայն կարող է պահպանվել, այլև ավելանալ:  Մեկ այլ կարևոր ցուցանիշ է 2019թ. երկկողմանի ծրագրային աջակցությունը, որը կազմելու է 70 միլիոն եվրո, ինչը նախորդ տարիներին միջինում կազմել է 35 միլիոն եվրո: ԵՄ կողմից ֆինանսական նման աջակցությունն առնվազն խոսում է երկկողմ հարաբերություններում փոխադարձ վստահության աճի մասին:

Հաջորդ կարևոր ուղերձը, թերևս, առնչվում է անաչառ մամուլին: Դեսպանն իր խոսքում անհրաժեշտություն է համարում նոր իշխանությունների կողմից առավել մեծ ուշադրություն դարձնելը ժողովրդավարության կայացման կարևոր տարրերից մեկին՝ ազատ և օբյեկտիվ մամուլին: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն պետք է շարունակի ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորել այս հարցում առավել մեծ արդյունավետության հասնելու համար:

Այսպիսով՝ պետք է արձանագրել այն դրական դինամիկան, որ հաստատվել է ԵՄ-ՀՀ երկկողմ հարաբերություններում՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկիի  գործունեության ընթացքում, և փորձել առաջիկայում ևս նպաստել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը: Այս շրջափուլում երկկողմ հարուստ երկխոսության շնորհիվ հաջողվել է առաջընթաց գրանցել եվրոպական արժեքների պահպանման և զարգացման, ՀԸԳՀ կյանքի կոչման գործում: Ուշագրավ է Սվիտալսկիի պատրաստակամությունը պաշտոնավարումից հետո ևս Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցում (մասնավորապես՝ խոսքը վերաբերում է վիզաների ազատականացման գործընթացին), ինչը վկայում է ՀՀ-ԵՄ միջև հաստատված ամուր կապերի և վստահության մթնոլորտի բարձր մակարդակի մասին:

Գոհար Հովհաննիսյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ