Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Վանքային ճգնաժամ. Ադրբեջանը հենակետ է տեղակայել Վրաստանի հետ սահմանի վիճելի հատվածում


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ադրբեջանական սահմանապահները նոր հենակետ են դրել ադրբեջանա-վրացական սահմանի հատվածներից մեկում: Իրադարձությունը շարքային կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ նոր հենակետը տեղակայվել է հենց այն հատվածում, որի պատկանելիության համար կատաղի վեճեր են ընթանում. անմիջականորեն քրիստոնեական Դավիդ Գարեջիի վանքի մոտ:

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) հենակետի լուսանկարը տարածել է վրացի քաղաքացիական ակտիվիստ Դավիդ Կացարավան: Լուսանկարում երևում է վիճելի տաճարներից մեկը, որի շուրջ կանգնած են ադրբեջանցի սահմանապահները:

Համալիրի պատկանելիության քննարկումները, ինչպես նաև դրա երկայնքով սահմանի դեմարկացիայի գործընթացն արդեն վաղուց են ընթանում՝ դեռևս 2000-ականների կեսերից: Դավիդ Գարեջիի պարագայում վանքի մի մասը գտնվում է վրացական կողմում, իսկ մի քանի վանքեր` բլուրներից այն կողմ՝ Ադրբեջանի տարածքում: Իրավիճակը բավական հանդարտ էր մինչև վերջերս, երբ ադրբեջանական սահմանապահները որոշեցին արգելել իրենց տարածք վրացի քահանաների և ուխտագնացների մուտքը: Սա սահմանի վրա փոթորկալի բողոքի ակցիաներ առաջացրեց: Վերջին բողոքի ցույցը մի շաբաթ առաջ էր տեղի ունեցել, երբ տեղի բնակիչները նկատել էին, որ վանական համալիրի մի մասից ադրբեջանցի սահմանապահների կողմից հանվել են սրբապատկերները: Արդյունքում տեղի ունեցավ միջադեպ, որի ժամանակ վրացի բնակիչները կարողացան զինաթափել ադրբեջանցի սահմանապահին: Դրանից հետո Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվեց Ադրբեջանի ԱԳՆ:

Հենց այդ միջադեպից հետո ադրբեջանական կողմում հայտնվեց սահմանապահների նոր հենակետը:

Ադրբեջանա-վրացական սահմանի դեմարկացիայի հանձնաժողովի վրացի ներկայացուցիչները և Վրաստանի ԱԳՆ-ն արդեն վաղուց փորձում են հանգստացնել հանրությանը՝ կոչ անելով տուրք չտալ սադրանքներին, այլ սպասել իշխանությունների պաշտոնական որոշմանը: Մինչ այժմ, սակայն, ադրբեջանական կողմում գտնվող վանքերի մուտքի թույլտվության վերաբերյալ որևէ հստակ միջոցառման մասին խոսք չի գնացել:

 

Անմիջականորեն Վրաստանի հետ սահմանի մոտ թռիչքներ են իրականացնում Ադրբեջանի ՊՍԾ-ի ուղղաթիռները. վրացական Rustavi 2 հեռուստաալիքի ռեպորտաժից:

Համալիրի պատկանելիության հարցերը չեն սահմանափակվում միայն տարածքային բաղադրիչով: Ադրբեջանական կողմը վանական համալիրը համարում է VI դարի «ալբանական մշակույթի կոթող» և, դատելով գիտական շրջանակներում ագրեսիվ հայտարարություններից, զիջումների չի գնա վրացական կողմին: Օրինակ՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Յագուբ Մահմուդովը միայն Դավիդ Գարեջին չէ, որ համարում է ադրբեջանական՝ այն կոչելով Քեշիքչիդաղ: Նրա կարծիքով՝ «Արևելյան Վրաստանը հինավուրց ադրբեջանական հողեր են, Թիֆլիսը՝ հին ադրբեջանական քաղաք»: Վրացական տեղի բնակչության բողոքներն էլ ակադեմիկոս Մահմուդովը դիտարկել է որպես «հայկական լոբբիի սադրանք»:

Այդ ժամանակ վրացի ակտիվիստները, տեղի բնակիչները և հոգևորականության ներկայացուցիչները շարունակում են վիճելի տարածքների ամենօրյա պարեկությունը: Բացառված չէ, որ մենք մոտ ժամանակներս երկու պետությունների վիճելի սահմանում նոր միջադեպերի ականատես կդառնանք:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ