Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Օգոստոս

Թատրոնն ինքնարտահայտման հարթակ. հաշմանդամություն ունեցող երեխաները խնդիրները հաղթահարում են բեմում


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները, սոցիալապես ապահովված և անապահով ընտանիքների փոքրիկները տարիներ շարունակ հավասարը հավասարի հետ հանդես են գալիս «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության մանկական թատերախմբում և հավատ են ներշնչում հանդիսատեսին, որ ցանկացած երեխա կարող է, երբ նրան վստահում են ու սատարում:

Թատերախումբը բազմաժանր ու բազմազան ներկայացումներով, որոնք ծնվում են տքնաջան աշխատանքի արդյունքում, հանդես է գալիս տարբեր հարթակներում` դպրոցներում, զորամասերում, ծերանոցներում, մանկատներում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` գրավելով թատերասերների սրտերը:

«Հույսի կամուրջ» թատերախմբի ստեղծման, նպատակի, ձեռքբերումների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ղեկավար Հասմիկ Խաչերյանի և ռեժիսոր Լևոն Իվանյանի հետ:

«Երբ 1996 թվականին հիմնադրվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, այն ուներ 26 կամ 27 շահառու: Նրանց զբաղվածության խնդիրը լուծելու նպատակով թատերախումբ ստեղծելու որոշում կայացվեց: Այդ պարտականությունը ես ստանձնեցի. վեց ամիս աշխատելուց հետո բեմ բարձրացավ «Մոխրոտը» ներկայացումը: Մեզ սատարեցին երեխաների ծնողները, բայց կարիք կար համագործակցել պրոֆեսիոնալի հետ, ուստի դիմեցինք Լևոն Իվանյանին, որը մինչ օրս մեզ հետ է»,-պատմեց Խաչերյանը:

Նրա խոսքով` որպես հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող կազմակերպության՝ «Հույսի կամուրջ» թատերախմբին հրավիրել են մասնակցելու Համահայկական մշակութային փառատոնին, որում ընդգրկված են եղել երգի, պարի և այլ համույթներ, որոնցում ներգրավված են եղել հաշմանդամություն ունեցող մարդիկ: «Միակ թատերախումբը մերն էր: Արժանացանք գլխավոր մրցանակին` դրամական պարգևին: Պատասխանատվությունը մեծացավ, և մեր կատարած աշխատանքն արժեք ստացավ. անհրաժեշտ էր պահել այդ նշաձողը:

Թատերախմբի գործունեության սկզբնական շրջանում հանդիսատեսը հուզվում էր, երբ բեմում հաշմանդամություն ունեցող երեխաների էր տեսնում: Մեր առաջ խնդիր  դրեցինք` բեմադրել այնպիսի մի բան, որ թատերասերը ոչ թե հուզվի, այլ ընկալի բեմադրության արժեքն ու անգամ չնկատի, որ երեխաները հաշմանդամություն ունեն»,-ընդգծեց նա:

Խաչերյանը ձեռքբերում է համարում Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» հանրահայտ պիեսի բեմադրությունը, որը մեծ հաջողություն է ունեցել: «Մեզ քննադատում էին` նշելով, որ աղջիկ դերակատարը երկար նստած մնաց ու չէին նկատում, որ աղջիկը խնդիր ունի այդ պատճառով չի կարող հեշտությամբ տեղաշարժվել: Ամեն նման քննադատությունից ոգևորվում էինք ու տեսնում, որ մեր առջև դրված խնդիրը` վերացնել խղճահարությունը հանդիսատեսի մեջ, լուծվում էր: Շուտով Վրաստանում կայանալիք միջազգային փառատոնի մասնակցության հրավեր ստացանք, այնուհետև հանդես եկանք Ստամբուլում կազմակերպված բավականին մեծ գիտաժողովի շրջանակում: Ներկա էին վիրաբույժներ, որոնք չէին հավատում, որ հաշմանդամություն ունեցող երեխան կարող է բեմ բարձրանալ և այդպես ներկայանալ: Բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձան մեր ելույթին»,-վերհիշեց Խաչերյանը:

Ղեկավարը շեշտեց, որ ստեղծում են միջավայր, որն ընդունելի և սիրելի է թատերախմբի բոլոր անդամների համար: «Մեզ մոտ խաղում են հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներ, խաղում են սոցիալապես ապահովված և անապահով ընտանիքների երեխաներ: Դա մեր սկզբունքներից է, և մենք ցանկանում ենք ասել, որ ամեն ինչ հնարավոր է, պարզապես պետք է հավատալ, ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին կան, պետք է սիրել մերձավորներին:

Մինչ օրս բեմադրել ենք «Մոխրոտը», «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», «Գեղեցկուհին և հրեշը», «Ռեվիզոր», «Երկու տիրոջ ծառա», «Ակամա բժիշկը», «Վենետիկի վաճառականը», «Վիշապը» և այլ հանրաճանաչ գործեր:

Անգլերենով բեմ ենք բարձրացրել «Կիկոսի մահը» ներկայացումը: Երկար տարիներ ցանկանում էինք բեմադրել իրական պատմության հիման վրա գրված որևէ պիես: Այդ նպատակով որոշեցի զրուցել հաշմանդամություն ունեցող տարբեր մարդկանց հետ, որոնք իրենց կյանքից զավեշտալի դրվագներ պատմեցին: Արդյունքում ծնվեց «Պատրաստվիր թռիչքի» բեմադրությունը: Շատ գեղեցիկ ներկայացում է»,-ընդգծեց թատերախմբի ղեկավարը:

Լևոն Իվանյանն էլ անդրադարձավ ստեղծագործական աշխատանքի բարդություններին ու շեշտեց, որ ինչպես բոլոր թատերախմբերում, այնպես էլ այստեղ կան ստեղծագործական խնդիրներ` կապված ոչ թե անձի, այլ աշխատանքի հետ: «Յուրաքանչյուր դերասան ցանկանում է հավուր պատշաճի մարմնավորել կերպարն ու հաղթահարել դերի դժվարությունները. նույնն են անում նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք բեմում են: Ներկայացման ընթացքում խոսքի, շարժման հետ կապված խնդիրներն էլ են հաղթահարվում: Թատրոնը մարդուն շփման, ինքնարտահայտման, խոսքին տիրապետելու ազատություն է տալիս: Երեխան կարողանում է անկաշկանդ հաղորդակցվել, չվախենալ, համարձակ լինել, ձեռք է բերում հմտություններ, որոնք նրան օգտակար են լինում նաև առօրյա կյանքում»,-ասաց Իվանյանը:

Խոսելով պիեսների ընտրությունից` նա նշեց, որ բեմադրում են գործեր, որոնք խոր ասելիք ունեն, դժվար հաղթահարելի են: «Թատերախմբի երեխաներն ի զորու են մատուցել անգամ Վիլյամ Շեքսպիրի տեքստերը: Մենք փորձում ենք պահել այն բարձր նշաձողը, որը սահմանել ենք, որպեսզի չնսեմացնենք մեր տարիների աշխատանքը: Ընդգծեմ, որ պրոֆեսիոնալ դաշտում ստեղծագործությունն առաջին պլանում է, իսկ մեզ մոտ նախ մարդն է, նոր՝ պիեսն իր պահանջներով»,-կարևորեց նա:

Ռեժիսորն ասաց, որ երեխաներն ակտիվ հետևում են երևանյան թատերական աշխարհին, դիտում են ներկայացումներ, քննարկում դրանք, տեսնում դրանց դրական ու բացասական կողմերը: «Եթե նրանք լավ դերասաններ չեն դառնում, համալրում են լավ հանդիսատեսի շարքերը»,-եզրափակեց Իվանյանը:

Անժելա Համբարձումյան 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ