Լիճքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է կենտրոնական ճահապարհի մի հատվածը
ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, կենտրոնական փողոցի մի հատվածում, որն ընդգրկում է գյուղի Ա- 6 թաղամասը, սուբվենցիոն ծրագրի հաշվին ասֆալտապատվել է 680 գծամետր երկարությամբ ճանապարհ՝ շուրջ 3500 քմ մակերեսով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, Ա-6 թաղամասում գտնվող կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է շուրջ 27 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի գյուղապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են հուլսի 12-ին եւ արդեն մոտենում են ավարտին: Սակայն սուբվենցիոն այս ծրագիրը միակը չի լինի Լիճքում, և առաջիկայում կեննտրոնական փողոցի մեկ այլ հատվածում եւս կասֆալտապատվի նույնքան մակերես ընդգրկող ճանապարհ: «Սուբվենցիոն եւս մեկ ծրագրի շրջանակում ասֆալտապատվելու է կենտրոնական ճանապարհը գյուղի 9-րդ թաղամասում: Մոտ 500 քմ մակերես ընդգրկող տարածք կասֆալտապատվի գերեզմանոց տանող ճանապարհին: Մնացած մոտ 3000 քմ-ն կասֆալտապատվի կենտրոնական ճանապարհահատվածում: Օրերս կհայտարարվի շինարարական մրցույթը, աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի ընթացքում: Բացի այդ, գյուղում սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացվում նաեւ տեղական միջոցներով: Այսպես, տեղական բյուջեից հատկացված 1,1 միլիոն դրամի հաշվին կառուցվել է 300 մետր երկարությամբ խմելու ջրատար, որով լուծվել է նորակառույց թաղամասի 20 ընտանիքների խմելու ջրի մատակարարման հարցը: Տեղական միջոցներով, 2,2 միլիոն դրամի ներդրմամբ, այս պահին ընթանում են լուսավորվածության ցանցի ընդարձակման աշխատանքները, որոնք մեկնարկել են մեկ շաբաթ առաջ»,- նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում