Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահն Արման Կիրակոսյանին հետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով

ՀՀ նախագահն Արման Կիրակոսյանին հետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար հետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 23-ին Արմեն Սարգսյանը շքանշանը հանձնեց Արման Կիրակոսյանի հարազատներին։

«Թվում է, թե այս պարգևն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ, սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետև Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, և մեր գնահատականը Արմանին իր գործունեությանը, որպես գիտնական և դիվանագետ, որպես մարդ, շարունակվելու է: Եվ ոչ միայն այսօր, ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք գնահատելու, մեր ընկերոջ, մեր գործընկերոջ փայլուն կյանքը»,- ասաց Սարգսյանը։

Շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագիտական ծառայության աշխատակիցներ, պատմաբաններ, Արման Կիրակոսյանի ընկերները:

Հունիսի 6-ին, 63 տարեկան հասակում, կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը։

Արման Կիրակոսյանը ծնվել է 1956թ., Երևանում։ 1977թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1980թ.՝ համանուն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան։ 1991թ.-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ. 1991-1994թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1992-1993թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 1994-1999թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Հունաստանում՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1995-1999թթ. համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, 1999-2005թթ.` ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ, 2005-2011թթ. զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2011-2018թթ. նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2016-2019թթ.՝ համատեղության կարգով Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2018թ. նոյեմբերին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Արման Կիրակոսյանը մեծ հետք է թողել հայկական պատմագիտության մեջ։ Նա պատմական գիտությունների դոկտոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին Արման Կիրակոսյանի մեծարժեք աշխատությունները թարգմանվել են նաև օտար լեզուներով և կարևոր դեր ունեցել այս հարցերի հանրայնացման գործում։ Արման Կիրակոսյանն արժանացել է կառավարական և հասարակական բազմաթիվ պարգևների. 2017թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]