Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Արևելագետը ներկա փուլում Սիրիայում իրադարձությունների արագ փոփոխություններ չի կանխատեսում

Արևելագետը ներկա փուլում Սիրիայում իրադարձությունների արագ փոփոխություններ 
չի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսին նախատեսվում է հանդիպում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի  ղեկավարների միջև: Հավանական է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվի Սիրիայում այդ երեք երկրների կողմից իրականացվող գործողություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում  նման կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ Սիրիայում ներկա փուլում իրադարձությունների արագ փոփոխություններ չեն նախատեսվում:

Արևելագետի խոսքով՝ Սիրիայի վերաբերյալ այդ երեք երկրների ծրագրերը տարբերվում են: «Ռուսաստանը և Իրանը հանդես են գալիս որպես Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպաններ, ինչպես նաև աջակցում են  Բաշար ալ Ասադի կառավարությանը: Իսկ Թուրքիան վերջին շրջանում սկսել է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, բայց իր հիմնական թիրախը Սիրիայում համարում է քրդական ուժերը, և այդ երկիրը ամեն ինչ կանի, որպեսզի քրդական ինքնավարություն չստեղծվի Սիրիայի տարածքում:  Այնպես որ, այս ուժերի միջև կան տարբերություններ»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով այլ ուժերին, որոնք ներգրավված են սիրիական հակամարտությունում՝ նա ասաց, որ չնայած ԱՄՆ-ն հայտարարել է, որ դուրս է բերում զորքերը Սիրիայից, սակայն դեռևս բավականին քանակությամբ ամերիկյան զինվորներ, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի զինված ստորաբաժանումներ այնտեղ են:

«Հիմնականում իրենց հսկողության տակ են պահում այն նավթային հանքերը, որոնք քրդական տարածքում են: Սա պատահական չի, քանի որ նավթը Մերձավոր Արևելքի զարգացումներում ունի որոշիչ դեր»,- եզրափակեց Սաֆրաստյանը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ