Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին


ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնել է հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած 6 զինվորականների, ովքեր առաջիկայում մեկնելու են Հնդկաստան՝ անհրաժեշտ բուժում ստանալու։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Վեց զինվորականները Հնդկաստան կմեկնեն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ։

Հանդիպման սկզբում ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը բուժման մեկնող հայորդիների հերթական խմբի համար` կարևոր նկատելով այն զորակցությունը, որ Մայր Աթոռը տարբեր ծրագրերի միջոցով ցուցաբերում է Հայոց բանակին և հայ զինվորին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերելով զինվորականներին՝ նշեց, որ յուրաքանչյուր հայի համար հպարտություն է տեսնել ազգի զավակների` հայրենիքը սեփական կյանքի գնով պաշտպանելու պատրաստակամությունը: Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայոց Եկեղեցու զորակցությունը արժանի գնահատանքն է հայոց հողի պաշտպանության նվիրական գործին իրենց կյանքն ընծայած հայորդիներին:

Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ Մայր Աթոռի և Հնդկաստանի հայ համայնքի կողմից իրականացվող` վիրավորված զինվորների պրոթեզավորման այս ծրագիրը շարունակական է լինելու:

Իրենց հերթին զինվորականները երախտագիտություն հայտնեցին Հայոց Հայրապետին՝ հոգատար վերաբերմունքի համար, պատասխանեցին նաև իրենց կյանքի և ծառայության վերաբերյալ Նորին Սրբության հարցերին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորականներին` մաղթելով, որ Ամենակալ Տերը պարգևի նրանց ուժ և եռանդ հայրենանվեր ծառայությունը խաղաղության մեջ շարունակելու համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ