Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Հայաստանը ժողովրդավարության զարգացման աննախադեպ մակարդակ է ապահովել. Սվիտալսկի

Հայաստանը ժողովրդավարության զարգացման աննախադեպ մակարդակ է ապահովել. 
Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին վերջին ժամանակում Հայաստանի ամենակարևոր ձեռբքերումներից է համարում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում դրսևորված քաղաքական կամքը, երկրում անպատժելիության զգացման վերացումը: Իսկ, մասնավորապես, խորհրդարանական վերջին ընտրություններով Հայաստանը ժողովրդավարության զարգացման աննախադեպ մակարդակ է ապահովել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սվիտալսկին նման տեսակետ հայտնեց ասուլիսում՝ ամփոփելով դիվանագիտական առաքելությունը:

«Անձամբ կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում անցյալ տարվա ընթացքում, շատ կարևոր երևույթ է։ Այս ամենի ժառանգությունն այն է, ինչ դուք պետք է պաշտպանենք: Արդեն շատ դրական երևույթներ տեղի են ունեցել: Եվ վստահ եմ, որ Հայաստանը ժողովրդավարության զարգացման աննախադեպ մակարդակ է ապահովել՝ մասնավորապես վերջին ընտրություններով: Բայց պետք է անել նաև հաջորդ քայլը: Սակայն ամեն ինչ սկսվում է ընտրություններից, և այդ առաջին քայլը դուք արել եք: Կարող եք հպարտանալ այն ամենով, ինչ տեղ է ունեցել Հայաստանում վերջին դեկտեմբերին»,-ասաց Սվիտալսկին:

Դեսպանը մատնանշեց նաև կոռուպցիայի դեմ պայքարը: Նա նկատեց՝ Հայաստանը շատ հստակ դիրքորոշում է ստանձնել, քաղաքական կամք է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում: Դեսպանի կարծիքով՝ ամուր քաղաքական կամքն անհրաժեշտ պայման է՝ առանց որի առաջընթացը հնարավոր չէ: «Դուք այդ չափազանց կարևոր քայլն արդեն ձեռնարկել եք, դա պետք է պահպանել ինստիտուցիոնալ կառույցներում, օրենքներով, հանրության վերաբերմունքով: Կարող եմ ասել, որ այս հաջորդ քայլերն արդեն արվում են, ինստիտուցիոնալ հենք է ստեղծվում»,-նշեց նա:

Դեսպանը երկրում վերջին մի քանի ամիսների երրորդ կարևոր ձեռքբերումը համարեց անպատժելիության զգացման վերացումը: «Որոշ մարդիկ անցյալում կարծել են, թե օրենքից վեր են: Կարծում եմ, որ սովորական քաղաքացիների համար շատ կարևոր է դա, վստահ եմ, որ մեծապես գնահատել են, որ ձերբազատվել են դրանից»,-ասաց Սվիտալսկին ու նշեց՝ այժմ ժամանակն է կառուցել անկախ, ամուր և արդյունավետ դատաիրավական համակարգ, դատական իշխանություն:

Դեսպանն, այնուամենայնիվ, նկատեց, որ յուրաքանչյուր իշխանություն, ցանկացած կառավարություն աշխարհում զերծ չէ սխալներից: Ամենակարևորը համարեց դրանք ընդունելն ու ուղղելը:

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ