1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ-ն դատաիրավական բարեփոխումների համար պատրաստ է տրամադրել խորհրդատվական, ֆինանսական աջակցություն

ԵՄ-ն դատաիրավական բարեփոխումների համար պատրաստ է տրամադրել 
խորհրդատվական, ֆինանսական աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների համար պատրաստ է տրամադրել քաղաքական, խորհրդատվական և հստակ չափելի ֆինանսական աջակցություն: ԵՄ-ն կփոխանցի իր փորձը, սակայն չի պարտադրի ոչինչ, բարեփոխումների ձևաչափը կորոշի բացառապես Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ամփոփելով  դիվանագիտական առաքելությունը:

«ԵՄ-ն շատ հստակ աջակցությամբ է հանդես եկել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նկատմամբ: Այդ աջակցությունը, որպես այդպիսին, ներկայացվել է մեր հայ գործընկերներին տարբեր մակարդակներում ՝ սկսած ամենաբարձր մակարդակից: Վստահ եմ, որ հիշում եք Հայաստանում Դոնալդ Տուսկն ինչ է ասել համաժողովին, ինչ է ասել վարչապետի և նախագահի հետ հանդիպումների ընթացքում: ԵՄ-ն վստահաբար որոշակիորեն միտված է հայկական կողմի ջանքերի իրականացմանը դատաիրավական բարեփոխումներում, մասնավորապես իսկապես անկախ, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական աջակցություն, խորհրդատվական աջակցություն, ինչպես նաև ֆինանսական աջակցություն»,-ասաց դեսպանը:

Սվիտալսկին անդրադարձավ ու պարզաբանեց նաև որոշ հրապարակումներ: Նա նշեց՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել շատ հստակ չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացին: Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ, մի շատ կարևոր առաքելության շրջանակներում: Հայաստանում ընդունել են Եվրահանձնաժողովի տարբեր ստորաբաժանումներից իրենց գործընկերների, նաև որոշակի ծառայության ներկայացուցիչներ եկել են Հայաստան, հանդիպել Բարձրագույն դատական խորհրդի բարեփոխումներ իրականացնողների հետ: Սվիտալսկին այդ քննարկումները չափազանց կառուցողական համարեց։ «Եվ մեր աջակցությունը, վստահ եմ, որ չափազանց կարևոր է նաև ֆինանսական տեսանկյունից»,-նշեց դեսպանը:

Այս պահին ԵՄ-ն դիտարկում է ուղիղ աջակցություն, որը միտված կլինի կառավարության անմիջական պլանների իրականացմանը: «Մենք նաև խոսում ենք բազմամիլիոնանոց աջակցության ծրագրի մասին, որն ընդլայնվում է նաև գալիք մի քանի տարիների համար՝ Հայաստանին տրամադրվող բյուջետային փաթեթի շրջանակում: Եվ պետք է նաև ընդգծեմ, որ մեր քննարկումները ՀՀ կառավարության, մասնավորապես, արդարադատության նախարարության հետ շատ արդյունավետ և կառուցողական են եղել: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք այս պահին ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Եվ մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,-ասաց Սվիտալսկին:

Դեսպանը շեշտեց՝ ԵՄ-ն չի ցանկանում որևէ բան պարտադրել, սակայն պատրաստ է խորհրդատվական աջակցություն տրամադրել: Եվրամիությունը պատրաստ է մոբիլիզացնել իր ուժը, հայկական կողմի հետ կիսել այն փորձը, որը կուտակվել է այլ երկրներում իրականացված բարեփոխումներից: Եթե Հայաստանին կհետաքրքրի կոնկրետ երկրում բարեփոխումների իրականացման գործընթացը, ապա ԵՄ-ն պատրաստ է փորձագետներ հրավիրել Հայաստան, որոնք կգան ու կփոխանցեն իրենց փորձը:

«Բարեփոխումների գործընթացի ձևաչափը որոշվում է անկախ, ինքնավար ձևով, ՀՀ իշխանության կողմից: Մենք նաև մեր ելույթներում բազմիցս նշել ենք, որ բարեփոխումների գործընթացի ընկալումը պետք է լինի համակողմանի։ Բարեփոխումը պետք  ձևավորվի համակարգային, կառուցվածքային մոտեցմամբ՝ տեղ գտնելով միայն քաղաքական համատեքստում, այլ նաև քաղհասարակությունում, փորձագիտական համայնքում: Գիտենք, որ քննարկումներ տեղի են ունենում հատկապես քաղհասարակության հետ, հրավիրվել են քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ մի շարք հանդիպումների՝ քննարկելու բարեփոխումների ընդհանուր հայեցակարգը»,-նշեց դեսպանը:

Նա շեշտեց՝ այդ հայեցակարգը պետք է հայկական ջանքի արդյունքը հանդիսանա: ԵՄ-ն համոզված է, որ Հայաստանում առկա են քաղաքական խոհեմություն, գիտելիքներ, փորձագիտական կարողություններ ունեցող մարդկային ռեսուրսներ՝ նման համակողմանի և երկարաժամկետ ու խորը տեսլական մշակելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]