Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Աբդուլլահ եղբայրներ, Յուսուֆ Քարշ. Անդրանիկ Քոչարի լուսանկարչական թանգարանում կլինեն տարբեր գործեր


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանի Ավետ Ավետիսյան 19 հասցեում բացվեց նրա անունը կրող լուսանկարչության թանգարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրանիկ Քոչարի որդու՝ Վահան Քոչարի ջանքերի շնորհիվ բացված թանգարանը, գտնվում է հենց այն տանը, որտեղ բնակվում է Քոչարների ընտանիքը:

Թանգարանում առկա են հայազգի 14 լուսանկարչի ստեղծագործություններ, որոնք տարիների ընթացքում հավաքագրել է Անդրանիկ Քոչարն, ինչպես նաև Քոչարի լուսանկարչական իրերը:

«Տան առաջին հարկը որոշեցինք դարձնել թանգարան և հորս երազանքը վերջապես ի կատար ածել: Մինչ թանգարանը բացելը, իմ հոր լուսանկարների և լուսանկարչական սարքավորումների հավաքածուից մոտ 400 միավոր իր տվել էի Երևանի պատմության թանգարանին: Այժմ դրանք այս թանգարանում են՝ 170 հատ շրջանակով և առանց շրջանակի բնագիր լուսանկար, ինչպես նաև տարբեր սարքավորումներ: Հորս հավաքածուի մնացած մասը նկուղում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վահան Քոչարը  և հավելեց, որ ցուցադրված են լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Յուսուֆ Քարշի, Գեղամ Թարվերդյանի,  Պարգև Չոլագյանի և այլոց ստեղծագործությունները:

Լուսանկարչի որդին նաև նշեց, որ թանգարանի տնօրենը մեծանալուն պես կդառնա իր թոռը՝ այժմ 9-ամյա Վահան Քոչարյանը:

Թանգարանի մուտքն անվճար է և այցելուների առաջ բաց է լինելու շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին՝ ժամը 10:00-17:00-ը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Անդրանիկ Քոչարը ծնվել է 1919 թվականին Ալեքսանդրիայում՝ Արևմտյան Հայաստանից Եգիպտոս գաղթած հայ ընտանիքում: Սովորել է Կահիրեի Պերպերյան վարժարանում՝ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք: Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական: 1945 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք մեկնելը: 1947 թվականին «Պոբեդա» նավով հայրենադարձել է:

1948 թվականին Երևանում բացվել է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը: Քոչարը եղել է Հայաստանի պետական պատկերասրահի, 1960-1970 թվականներին՝  ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի լուսանկարիչը: 1962 թվականին հիմնադրել է «Երևան» ֆոտո ակումբը և տասը տարի անընդմեջ ղեկավարել այն:

Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, կենդանիներ, երեխաների նկարներնատյուրմորտներ, կոմպոզիցիաներ

Քոչարը մահացել է 1984 թվականի մարտի 29-ին Երևանում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ