Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Օգոստոս

Ազդարարվեց «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի  ավարտը


ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հուլիսի  19-ին տեղի ունեցավ  Եվրոպական միության, «Կարիտաս Ավստրիա»-ի և Ավստրիայի զարգացման հիմնադրամի  կողմից համաֆինանսավորվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: Ֆինանսավորվելով Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և «Կարիտաս Ավստրիա»-ի կողմից՝ «Հայկական Կարիտաս»-ի կողմից իրականցվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը աշխատաշուկա՝ հենվելով նրանց կարողությունների զարգացման վրա։

Ծրագրի շրջանակներում 2018 սեպտեմբերի 14-ին Գյումրիում իր դռները բացեց տարածաշրջանում եզակի «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը՝ օգնելու համար բացահայտել հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները, ստեղծել ներառական միջավայր, բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը: Այստեղ Գյումրիի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեն  նաև վայելելու համեղ հացի տեսականի, թխվածքներ և սուրճ:

 Գյումրիում ապրող հաշմանդամության խնդիրներ ունեցող շատ  երիտասարդներ այսօր արդեն ոչ միայն մասնագիտություն, այլ նաև աշխատանք ունեն՝  հանդիսության ժամանակ  իր ու ընկերների անունից նշեց ծրագրի շահառու Անուշ Մկրտչյանը: «Մենք արդեն կարող ենք  ասել, որ կարող ենք: Արդեն մեկ տարի է, ինչ միասին ենք  ու ծրագրի շնորհիվ ստացել ենք  աշխատելու ու կայունանալու հնարավորություն: Մենք կարող ենք  աշխատել և բոլորին ապացուցել, որ կարող ենք աշխատել »,- նշեց Անուշ  Մկրտչյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին,  ողջունելով միջոցառման բոլոր մասնակիցներին, նշեց՝  ի շնորհիվ այս ծրագրի ստեղծվեց մի անկյուն, որը համալրել է Գյումրու խորհրդանիշների շարքը: «Առանձնահատուկ ուրախ եմ այսօր և ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել «Կարիտաս Ավստրիա»-ին և Ավստրիայի զարգացման հիմնադրամին, ինչպես նաև «Հայկական Կարիտաս»-ին  և «Էմիլի-Արեգակ»  կենտրոնին, և ասել, որ սա լավագույն  հաջողված ծրագրերից է, որը Գյումրին հայտնի է դարձրել»,-նշեց Պյոտր Սվիտալսկին՝  հույս հայտնելով, որ կենտրոնը կշարունակի իր գործունեությունը՝ պահելով իր բարի համբավը:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ, հայր Ռաֆայել արք. Մինասյանը, շնորհակալություն հայտնելով ծրագիրն իրականացնող կառույցներին, առանձնակի շնորհակալություն հայտնեց այն ծնողներին, ովքեր քաջություն  ունեցան իրենց երեխաներին ուղղորդելու կենտրոն ու վստահելու «Կարիտաս»-ին: «Շնորհակալություն պետք է հայտնեմ ոչ միայն մասնակիցներին, բարերարներին, այլ նաև մեր բոլոր զավակներին, ովքեր խանդավառությամբ, ուրախությամբ ու ժպիտով  շարունակեցին արտահայտել իրենց  կարողությունը»,- նշեց  Հայր Ռաֆայել արք. Մինասյանը:

Ողջույնի  խոսքով հանդես եկան նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ծրագրի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը, «Կարիտաս Ավստրիա»-ի ծրագրի ղեկավար Ռոբերտ Մուսբրուգերը: «Ներառական փուռը և սրճարանը հաշմանդամություն ունեցող անձանց օրինակելի աշխատավայր է, որտեղ նրանց համար ստեղծված միջավայրը լավագույնս ցույց կտա աշխատանքային լայն հնարավորությունները, որ ունեն վերապատրաստված անձինք»,-նշեց «Էմիլի Արեգակ» կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի մասին պատմող հաշվետվության և ֆիլմի շնորհանդեսը: Իսկ «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարևանությամբ՝ Աբովյան փողոցում, անցկացվեց  աշխատանքի տոնավաճառ, «Արատտա» բենդի համերգային ծրագրի ուղեկցությամբ:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ