Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արհեստական բանականություն, բլոքչեյն. Հայաստանում ՏՏ համաժողովում կքննարկվեն ամենաարդիական թեմաները

Արհեստական բանականություն, բլոքչեյն. Հայաստանում ՏՏ համաժողովում 
կքննարկվեն ամենաարդիական թեմաները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի օրակարգը կլինի հագեցած՝ ներառելով մարդկանց կյանքում տեխնոլոգիաների դրական ու բացասական ազդեցությանը, խելացի քաղաքներին վերաբերող և այլ թեմաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: 

«Մենք շատ ուրախ և երախտապարտ ենք, որ համաժողովն անցկացվելու է Հայաստանում՝ շատ հետաքրքիր թիմի հետ: Այս տարի մենք շատ քննարկումներ կունենանք: Մենք նաև թեմաներ ունենք, թե սոցիալական մեդիան ինչպիսի դերակատարություն է ունենում մեր կյանքում, քանի որ մարդիկ օրվա ավելի քան 30 տոկոսն անցկացնում են սոցիալական ցանցերում։ Կքննարկենք տեխնոլոգիաների բերած լավ և վատ արդյունքները»,- ասաց Եսայանը:

Համաժողովի շրջանակում կքննարկեն նաև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսական, օդային պաշտպանության ոլորտներում տեխնոլոգիաների ազդեցությունը և տեղի ունեցած փոփոխությունները: Մասնակիցները կքննարկեն նաև տեխնոլոգիաների արդյունքում առաջացած ռիսկերը:  

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 25000 մասնակից՝ 70 երկրներից: ՏՏ աշխարհի առաջատարներ ու նորարարներ, գլոբալ քաղաքականության առաջնորդներ, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարներ ու խոշոր ներդրողներ հոկտեմբերի 6-9-ին երևանյան քննարկումների ընթացքում իրենց մտքերը կփոխանակեն «Սև կարապի» տեսության, «Բլոքչեյնի նորարարությունը խաչաձևվում է կապիտալի հետ», «Արհեստական բանականությունը գենոմիկայում» «Որքան կանաչ է Սիլիկոնյան հովիտը», «Մեքենաները հառնում են» և այլ թեմաներով:

Եսայանը, նայելով մասնակիցների ցուցակին՝ նկատեց, որ քննարկումները կլինեն ապագային տեսլականների վերաբերյալ: «Մենք ունենք նախարարների նստաշրջան, քաղաքապետերի նստաշրջան, որին կմասնակցեն տարբեր երկրների քաղաքներից։ Դա շատ հետաքրքիր քննարկում կլինի, թե երկրներն ինչ քաղաքականություն են մշակում, ինչ փոփոխություններ պետք է կատարեն, որ օգտվեն այն փոփոխություններից, որ տեխնոլոգիաները բերում են մեր կյանք»,- պարզաբանեց նա:

Քաղաքապետերի նստաշրջանը կլինի խելացի քաղաքների մասին։ Կքննարկեն տեխնոլոգիաների կիրառությունն ու դրական ազդեցությունը մարդկանց առօրյայի վրա և բացասական ազդեցությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա։

ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 6-9-ին: Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ կառավարության աջակցությամբ: ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը: Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]