Հուլիսի 19-ին սպասվող իրադարձությունները
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Այսօր՝ հուլիսի 19-ին, Ամասիայում նախատեսված է բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությունը: Ներկա կլինեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Աշնանը նախատեսված ՏՏ համաշխարհային համաժողովին ընդառաջ կազմակերպիչներն այսօր կհանդիպեն լրագրողների հետ: Նրանք կներկայացնեն նախապատրաստական աշխատանքները: Համաժողովն իր շուրջն է համախմբելու ոլորտի 2 հազարից ավելի առաջատար մասնագետների շուրջ 100 երկրից:
Հասարակական, քաղաքական դաշտը քննարկում է Իջևանում տեղի ունեցած բախումները: Հրավիրված մամուլի ասուլիսում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիտարկումները:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում կմեկնարկի «քաղաքացու բյուջեի» միջոցառումը։ Համայնքների ֆինանսիստների միավորումն իր գործընկերների հետ իրականացնում է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆինանսավորմամբ։
«Երազ» այգում Հայ ծնողների ակումբի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Չոչի մրցույթ 2019»-ը: Մրցույթի նպատակն է ՀՀ-ում խթանել առողջ ապրելակերպը, ակտիվ սպորտը և օգտակար ժամանցը։
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում