Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ապօրինի անտառահատումների վիճակագրությունը երկար տարիներ եղել է ֆիկտիվ. Էրիկ Գրիգորյան

Ապօրինի անտառահատումների վիճակագրությունը երկար տարիներ եղել է ֆիկտիվ. 
Էրիկ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում յուրաքանչյուր տարի 0.5-1 մլն խմ անօրինական փայտ է հատվում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Հարցին՝ արդյոք ինքը կարո՞ղ է ապօրինի ծառահատողների անուններ տալ, Գրիգորյանն ասաց, որ առանց որևէ հիմնավորվածության որևէ անուն չի կարող նշել: «Սյունիքում տասնյակ անտառապահներ կան, որոնց նկատմամբ հարուցված են քրեական գործեր... Ես առանց որևէ հիմնավորվածության որևէ անուն չեմ նշի, որովհետև չեմ կարծում, թե ես ունեմ այդ իրավունքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը։

Այն տեղեկությունների առնչությամբ, թե շինարարության համար ապօրինի հատված փայտը Հայաստանից արտահանվում է Վրաստան, Գրիգորյանն ասաց, որ փայտանյութի արտահանման համար նախկինում գործող որոշակի կարգ կար, թե ինչպես է արտահանվում, դա հիմնականում արվում է ներքին շուկայում՝ և՛  վառելափայտը, և՛ շինափայտը։

«Դա ստվերային մի հսկայական կառույց է, որի դեմ այդ բոլոր փոփոխությունները և՛ կադրային, և՛ ոստիկանության տեսչական մարմինների աշխատանքի, նաեւ օրենսդրական, միտված են համակարգն ուղղակի ջարդելուն»,- ասաց նախարարը։

Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ նախկինում, երբ եղել է բնապահպանության փոխնախարար՝ չի համակարգել և պատասխանատու չի եղել այդ խնդրին: «Հիմա ոլորտի պատասխանատուն ես եմ, և այն բոլոր գործողությունները, որ մենք անում ենք, դա կլինի օրենսդրական, թե՝ համագործակցություն իրավապահ մարմինների հետ,  անձամբ պատասխանատվություն եմ կրում մեր կատարած աշխատանքների համար»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ Սյունիքի անտառտնտեսություններում հիմնականում անտառահատումներ չկան, բարվոք վիճակ է: Տավուշում ու Լոռիում, մի քանի խնդրահարույց անտառտնտեսություններ կան, որոնցից մեկն Իջևանի անտառտնտեսությունն է, որտեղ 10 օր առաջ կադրային փոփոխություն է կատարվել, ղեկավարը փոխվել է։

Հարցին՝ արդյոք այդ փոփոխությունների հետ կապված էին Իջևանում բողոքի ակցիա անում, նախարարը նշեց, որ այդ ամբողջ գործընթացը կապված է մի քանի գործոններով:

«Առաջինը, երբ նախկինում անտառհատման տոմսը տրվում էր, դրանով հնարավոր էր ամիսներով շրջանառել և մեկ թղթով ապօրինի մեխանիզմով փայտ հանել: Հիմա դրվել են հսկվող կետեր: Հաջորդիվ օրենսդրական փաթեթը, որ մշակել ենք ու շուտով կստանա օրենքի տեսք, խստացումներ են արվել անտառային ոլորտում: Նախկինում վարչական իրավախախտում եթե արվում էր, հաջորդ անգամ էլ, եթե արվեր նույն արարքը նորից վարչական իրավախախտում էր համարվում, հիմա երկրորդ անգամ վարչական իրավախախտման դեպքում արդեն քրեական է դառնում: Առաջին անգամ քրեական օրենսգրքի մեջ ֆիքսվել է փայտի տեղափոխումը, նախկինում միայն հատումն էր: Օրենսդրորեն փակվել են հնարավոր բոլոր սողանցքները, փոխվել են ղեկավարները, մյուս կողմից ոստիկանությունը, տեսչական մարմինները, կետերը հսկողություն դնելով, կառավարում են հոսքերը, և ապօրինի հատման գործընթացի դեմ հսկողություն է իրականացվում: Խոսքը վերաբերում է Իջևանի, Լալվարի և ճամբարակի անտառտնտեսություններին»,- ընդգծեց Գրիգորյանը։

Նախարարն ասաց, որ նախկինում համակարգն այնպես էր կառուցված, որ մարդիկ, ովքեր ներգրավված են եղել ապօրինի անտառահատումների գործընթացին, նաև որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա: «Չի եղել ոլորտը կարգավորելու համապատասխան շահագրգռվածությունը: Այժմ պատժիչ, կանխարգելիչ մեխանիզմը դարձել է բավարար, որպեսզի մարդիկ 50 անգամ մտածեն, նոր որոշեն՝ մտնե՞լ անտառ, թե ոչ»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ ապօրինի անտառահատումների վիճակագրության հիմքում երկար տարիներ եղել են ֆիկտիվ թվեր: «Նշված են շատ սահմանափակ թվեր։ Հենց հիմա Իջևանի անտառտնտեսությունը 1000-ից ավելի ծառի տեսչական ակտավորման գործընթացի մեջ է։ Այսինքն՝ նշվել է, որ ապօրինի հատվել է 100 կամ 1000 ծառ, մինչդեռ դրանք շատ սահմանափակ թվեր են: 2018-2019 թվականներին ֆիքսվել է 10 000, 12 000 ծառ, այսինքն՝ թվերն աճել են: Վիճակագրական տեսակետից ամեն ինչ ավելի վատ է, իսկ իրականության տեսակետից ապօրինի անտառահատումների ծավալը նվազում է էականորեն, բայց բացահայտումները պետք է ամբողջական լինեն»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]