Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Օգոստոս

Չի բացառվում, որ Իջևանի ակցիան կազմակերպած լինեն անտառահատման բիզնես վարողները. փոխոստիկանապետ


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը չի բացառում, որ Իջևանում ակցիան կազմակերպած լինեն մարդիկ, որոնք ապօրինի անտառահատման բիզնես են վարում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետն ասաց, որ բավականին մեծ զանգված էր հավաքված՝ մոտ 500 մարդ, կարող էր նաև դա կազմակերպված լինել մի խումբ մարդկանց կողմից, որոնք շահագրգռված են այդ հարցում։

Նրա խոսքով՝ կան օպերատիվ տվյալներ, թե ովքեր են այդ բիզնեսի ղեկավարները, բայց իրենք դեռ չեն հրապարակում դրանք։

Հարցին, թե ի՞նչ 36 մարդու նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, թե ինչու 36-ն էլ ձերբակալված չեն, փոխոստիկանապետն ասաց. «Վարչապետի կողմից հնչեցրածը վերաբերում էր հակաօրինական գործողությունների մասնակիցներին, որոնք ձայնագրություններով և այլ տվյալներով ուսումնասիրվել են, և այդ ցուցակը առաջացել է»։ 

Դիտարկմանը, թե հնարավոր է մարդիկ սոցիալական խնդիրներից ելնելով են ցույց արել,  Մովսիսյանը պատասխանեց.  «Վարչապետն էլ ասաց, որ խոսքը սոցիալապես անապահով մարդկանց մասին չէ, խոսքը ապօրինի անտառահատման բիզնեսի մասին է, իսկ փայտի քանակը այդ համայնքի բնակիչների համար բավարար է»։

Փոխոստիկանապետի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ որոշ մեքենաների վարորդներ չեն ենթարկվել, և կասկածներ կան, որ այդ մեքենաները բեռնված են եղել փայտով, այդ մեքենաների հայտնաբերման ու պարզաբանման ուղղությամբ էլ են աշխատանքներ ընթանում։

Հարցին ի պատասխան, թե բերման ենթարկվածների մեջ կա՞ն մարդիկ, որոնք ապօրինի անտառահատման բիզնեսով են զբաղվում, նա նշեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև գործողությունները դեռ շարունակվում են։ Կան 19 մարդու  անուն-ազգանունները, բայց չեմ կարծում՝ այդ բիզնեսի ներկայացուցիչներ լինեն, խոսքը նրանց մասին է, ովքեր ակտիվ են եղել հակաօրինական գործողությունների կազմակերպման մեջ»։

Փոխոստիկանապետը, սակայն, պնդում է՝ այնպես չէ, որ ապօրինի ծառահատման աշխատանքների կանխման ուղղությամբ նախկինում  աշխատանքներ չեն իրականացվել ոստիկանության կողմից: «Դրանք եղել են ակտիվացման փուլում, իսկ այն, ինչ եղել է մինչ իրավիճակի փոփոխությունը, առանձին քննարկման թեմա է։ Բացասական և կոռուպցիոն երևույթներ Լոռու ու Տավուշի անտառների տարածքում 30 տարի եղել և իրականացվել են»։

Մովսիսյանի խոսքով՝ իրավիճակն այս պահին կայուն է։ Նա նաեւ չի կասկածում, որ եթե քննության ընթացքում պարզվի այն մարդկանց ինքնությունը, որոնք մասնակցել են ապօրինի ծառահատման գործընթացին, նրանք կպատժվեն, սակայն շեշտում է՝ պետության առաջ չպետք է դրվեն պայմաններ, որոնք անօրինական են։

Փոխոստիկանապետը նշեց, որ Իջևանում ուժեղացվել է ոստիկանության ծառայությունը: Քաղաք են տեղափոխվել ներքին զորքեր՝ կանխարգելիչ նպատակով, քանի որ կարող են լինել անկանխատեսելի պահեր։ Արագ հակազդելու համար կատարել են քանակակազմի տեղափոխում։

Ոստիկանությունը թերացե՞լ է իր աշխատանքում. այս հարցին նա պատասխանեց. «Այս գործողությունների կարևորությունը  հնչեցվեց հեղափոխությունից հետո: Մեկ տարի առաջ կառավարությունը խստագույնս պահանջ է դրել, ոստիկանությունն այս գործողություններն իրականացրել է և իրականացնում է, զուտ սեզոնային ու որոշ հարցերով մենք ուժեղացրել ենք ծառայությունը՝ ավելացնելով պահակակետերը, ինչը դժվարացրել է ապօրինի ծառահատումներն ու դժգոհություն առաջացրել»։

Դիտարկմանը, որ ոստիկանությունը թուլություն է ցուցաբերում, փոխոստիկանապետն արձագանքեց՝ ոստիկանությունը, իհարկե, աշխատում է բնակչության հետ լինել լոյալ ու ուժ կիրառել օրենքով սահմանված կարգով։ «Բայց կարող է տպավորություն ստեղծվել, թե ոստիկանության թուլությունն է դա, որի հետ ես համաձայն չեմ։ Մենք ունենք նմանատիպ երևույթներ, երբ ճանապարհներ են փակում, որոշ դեպքերում կարող է թվալ մարդկանց պահանջներն արդարացի են, բայց ոստիկաններն իրենց գործողություններն անում են ըստ օրենքի»։

Դիտարկմանը, որ իջեւանցիներն անտառահատմամբ իրենց ապրուստն են ապահովում, Մովսիսյանն արձագանքեց. «Կարող եմ ասել, որ նման բան չկա, Տարածքային կառավարման նախարարն ասաց, որ առաջարկվել է մոտ 200 աշխատատեղ, թե ինչ աշխատատեղեր են և ինչ աշխատավարձով, չեմ կարող ասել, բայց աշխատատեղեր կան, սակայն չեն ցանկանում աշխատել, երևի ապօրինի անտառահատումը հեշտ ու արագ օգուտ է բերում, քան աշխատավարձը»։

Փոխոստիկանապետի խոսքով՝ քննություն է ընթանում 1 ոստիկանի մասով, որը հնարավոր է գործարքի է գնացել և թույլ տվել ապօրինի անտառահատում: «Բազմիցս եղել են դեպքեր, հիմա էլ ԱԱԾ–ն իրականացնում է քննություն զուտ կոռուպցիոն ռիսկերի մասով, և քննությունը դեռ ավարտված չէ, ու մեղավորների մասին դեռ չենք կարող ասել, բայց ոստիկանության աշխատակիցը այո մասնակից է եղել եւ հիմա քննության տակ է»,- ասաց նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ