Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քրիստոֆեր Ալդերը ցանկանում է հայկական երաժշտարվեստն ավելի հասանելի դարձնել աշխարհի լայն շրջանակների

Քրիստոֆեր Ալդերը ցանկանում է հայկական երաժշտարվեստն ավելի հասանելի դարձնել 
աշխարհի լայն շրջանակների

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան է ժամանել «Գրեմմիի» 10 մրցանակի արժանացած երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը։ Նա համագործակցում է աշխարհի լավագույն արտիստների ու կոլեկտիվների հետ՝ Պլասիդո Դոմինգո, Աննա Նետրեբկո, Կլաուդիո Աբադո, Լոնդոնի սիմֆոնիկ, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբեր և այլն։ Քրիստոֆեր Ալդերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կձայնագրի Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։ Կատարված ձայնագրությունները հետագայում թողարկվելու են հայտնի երաժշտական պիտակների ներքո։ Ալդերը սիրով պատասխանեց «Արմենպրես»-ի հարցերին:

-Պարոն Ալդեր, ինչո՞վ է Ձեզ գրավել հայկական երաժշտությունը, և ինչպե՞ս եք կատարել ընտրությունը այն ստեղծագործությունների, որ պետք է ձայնագրեք:
-Տարիներ առաջ հանդիպեցի Սերգեյ Սմբատյանին: Խոսեցինք հայկական երաժշտության մասին: Այն ժամանակ ավելի շատ ծանոթ էի Արամ Խաչատրյանին:  Սերգեյն ինձ ասաց, որ կան հետաքրքիր հայ երաժիշտներ, հետաքրքիր գործեր և ինձ ուղարկեց տեղեկություն կոմպոզիտորների, նրանց ստեղծագործությունների մասին, պարտիտուրներ: Դրանց մեջ կային նաև Տերտերյանի, Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները: Ձայնագրության մտահղացումը դրանից հետո է ծագել: Նաև Սերգեյն ուներ ցանկություն՝ Հայաստանի սահմաններից դուրս հնչեցնել այնպիսի գործեր, որոնք կարող են հետաքրքիր լինեն դրսի ունկնդրի համար: Եվ ընտրեցինք կոմպոզիտորներին ու այն գործերը, որ պետք է ձայնագրենք:


-Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է առանձնանում հայկական երաժշտությունը:
-Ընդհանրապես յուրաքանչյուր կոմպոզիտոր առանձնահատուկ է. Խաչատրյանը Խաչատրյան է, Բեթհովենը՝ Բեթհովեն, կապ չունի՝ հայ է, թե ավստրիացի: Շեշտադրվում է կոմպոզիտորական տաղանդը: Բաց իրականում, այո, կա տարբերություն. հայկական երաժշտությունը շատ զգացմունքային է, դրանում կա պայքար, սեր, տառապանք, նրանց երաժշտությունն ազդում է զգացմունքների վրա:  Յուրաքանչյուր ստեղծագործություն իր պատմությունն ունի, դա ևս նպաստում է, որ այն առանձնանա մյուս գործերից:
-Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունն այս ձևաչափում շարունակվելո՞ւ է:
-Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի: Հայ երաժշտարվեստը հարուստ է արժեքավոր գործերով, և ցանկալի է դրանց հանրահռչակումն արտերկրում: Կան գործեր, որ միգուցե հայտնի են երաժիշտների շրջանում, սակայն այս ձայնագրությունները կօգնեն, որպեսզի հայկական երաժշտարվեստն ավելի հասանելի դառնա աշխարհի լայն շրջանակների:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում՝ ժամանակակից կոմպոզիտորների գործերը ներկայացնելիս:
-Իրականում ժամանակակից երաժիշտներին ձայնագրելն արդեն իսկ դժվարությունների հետ է կապված: Կլաուդիո Աբադոյի և Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի հետ փորձում էինք ձայնագրել ժամանակակից մի ստեղծագործություն, մի քանի փորձից հետո հասկացանք, որ չենք կարող ձայնագրել: Երաժիշտների համար բարդ էր կատարելը: Իսկ, օրինակ, կան կոմպոզիտորներ, որ ունեն լսարան, նրանց երաժշտությունն ավելի ընկալելի է և՛ կատարող երաժիշտների համար, և՛ ունկնդրի: Եթե նայենք երաժշտության պատմությունը, Բեթհովենի ապրած ժամանակաշրջանում ստեղծագործել են տասնյակ կոմպոզիտորներ: Այսօր  հայտնի է միայն Բեթհովենը: Ամեն ժամանակաշրջանում կան կոմպոզիտորներ, որ հայտնի են, և կան այնպիսիք, որոնք այդպես էլ ճանաչման չեն հասնում:
-Դասական երաժշտությունն ի՞նչ ազդեցություն ունի մարդու, աշխարհի վրա:
-Մի փոքր դժվարանում եմ պատասխանել, այն առումով, որ ինքս անընդհատ երաժշտության մեջ եմ: Բայց կարծում եմ, այո, դրական ազդեցություն է թողնում ունկնդրի վրա: Եթե  հաշվի առնենք, որ երաժշտական երեկոները տևում են 40 րոպե, 1 ժամ, այդ ընթացքում ընկղմվում ես երաժշտության մեջ, կտրվում առօրյա հոգսերից՝  դրական հույզեր ստանալով: Դահլիճից դուրս ես գալիս՝ այդ դրականը քեզ հետ տանելով: Չեմ կարող միանշանակ ասել, թե դասական երաժշտության ներկայացուցիչը անպայման պետք է լավը լինի, բացասական հատկանիշներ չունենա, բայց տեսականորեն այդ երաժշտությունը լավ է ազդում մարդու վրա, փոխվում է նրա աշխարհընկալումը, ու շատ հարցերի կարող է այլ կերպ նայել:

-Դուք  «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր եք: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվում մրցանակակիրները, և ի ՞նչն է կարևորվել Ձեր դեպքում մրցանակները շնորհելիս:

-Ինձ համար դժվար է ասել, թե ինչ չափանիշներով են դատում: Բայց կարող եմ ասել, որ, օրինակ, «Գրեմիի» կարող եք ներկայացնել ջութակի կոնցերտի հարյուրավոր ձայնագրություններ, բոլորն էլ՝ լավը, բայց նախընտրությունը կտրվի այն ձայնագրությանը, որը հայտնի դիրիժորի, կոմպոզիտորի, նվագախմբի հետ է իրականացվել: Օրինակ, Չիկագոյի նվագախմբի հետ ձայնագրությունն ավելի հավանական է, որ «Գրեմմիի» արժանանա, որովհետև, ի վերջո, «Գրեմմին» ամերիկյան մրցանակաբաշխություն է: Ինքս երբեք չեմ մտածել՝ մրցանակի կարժանանա՞մ, թե՞ ոչ, պարզապես լավ գործ եմ արել, որը, կարծում եմ, գնահատվել է:

-Հեղինակավոր այդ երաժշտական մրցանակաբաշխությունն ի՞նչ է տալիս երաժշտին:
-Չեմ կարծում, թե երաժշտի կյանքում շատ բան է փոխվում: Հանրահռչակում է ապահովում, արդյունավետ է դարձնում հետագա աշխատանքը: «Գրեմմի» ստանում են հիմնականում հայտնի երաժիշտները, և մեկ-երկու ոչ այնքան հայտնի երաժիշտներ, որոնց պահանջարկը կոնկրետ ամերիկյան շուկայում այդ մրցանակի շնորհիվ մեծանում է: Բայց, օրինակ, Գերմանիայում, Ֆրանսիայում դա այդքան էլ ազդեցություն չունի: Այսպիսի մի օրինակ բերեմ. ինչպե՞ս է, որ եթե իմանում եք ֆիլմը «Օսկար» է շահել, հետաքրքրությունը մեծանում է, ուզում ես դիտել։ Նույնը «Գրեմմիի» դեպքում է:

-Հայաստանում դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է, մարդիկ ավելի շատ են սկսել հաճախել դասական համերգների։ Գուցե դա նաև նրա հետևանքն է, որ դասական երաժշտությունը, նվագախմբերը հովանավորվում են պետության, տարբեր հիմնադրամների, մասնավորապես, «Իմ քայլը» հիմնադրամի կողմից։ Դուք ծանոթ եք տարբեր երկրներում դասական երաժշտության ոլորտում տարվող քաղաքականության հետ։ Հետաքրքիր է իմանալ՝ այլ երկրներում մոտեցումն ինչպիսի՞ն է։

-Եվրոպայում նվագախմբերը հիմնականում ֆինանսավորվում են պետության կողմից։ Հայաստանը հետևում է այդ օրինակին։ Միացյալ Նահանգներում իրավիճակն այլ է։ Այստեղ բազմաթիվ հայտնի և բարձր վարձատրվող նվագախմբեր, օրինակ, Չիկագոյի, Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբերը, գումար ստանում են հովանավորների, առանձին ներդրողների կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]