Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Հայ օրենսդիրները մասնակցում են ԱՄՆ Կոնգրեսի համաժողովին


ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում մեկնարկել է Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի առաջնորդների համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 10 երկրների խորհրդարանների ղեկավարներ և օրենսդիրներ:

Մասնակցում է նաև Հայաստանը, որի անդամակցության մասին որոշումը ընթացքի մեջ է: Հանձնախմբի հիմնական առաքելությունն է «պատասխանատու ու արդյունավետ կառավարման խրախուսումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը զարգացող ժողովրդավար երկրների խորհրդարանականներին օժանդակելու միջոցով»: Հանձնախմբի համանախագահներ դեմոկրատ կոնգրեսական Դեյվիդ Փրայսոնը և հանրապետական կոնգրեսական Վերն Բուքենոնը, ովքեր այս տարվա ապրիլին երկօրյա այցով Հայաստանում էին, շեշտում են այս նախաձեռնության յուրահատուկ բնույթը:

«Այցելելով տարբեր երկրներ, ներառյալ Հայաստան, մենք մշտապես ընդգծում ենք, որ սա ավանդական կոնգրեսական պատվիրակություն չէ: Մենք այստեղ ենք քննարկելու ոչ միայն երկկողմանի հարցեր, այլ նաև մեր երկրներում առկա տարաբնույթ խնդիրներ և մեր պատասխանատվության հետ կապված հարցեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամերիկայի Ձայն»-ին ասել է կոնգրեսական Փրայսոնը:

«Մեր նպատակն է զարգացնել այս գործընկերությունը: Ժողովրդավարությունը, իհարկե, կատարյալ չէ, սակայն շարունակում է մնալ կառավարման լավագույն ձև»,- նշում է նախաձեռնության համանախագահ հանրապետական կոնգրեսական Վերն Բուքենոնը:

Հանձնախմբի համանախագահները ընդգծում են՝ այստեղ ներկայացված երկրները բազմաթիվ առումներով ինքնատիպ են և բազմազան, ունեն ռազմավարական տարբեր նպատակներ: Նրանց բոլորին համախմբում է ձգտումը դեպի ժողովրդավարություն:

«Այս երկրներին համախմբում է այն փաստը, որ նրանք հաջողությամբ հաստատել են խորհրդարանական ժողովրդավարություն» ,- ընդգծում է կոնգրեսական Փրայսոնը:

Համաժողովի մասնակից հայ օրենսդիրները կարևորում են այս նախաձեռնությունն ու Հայաստանի ընդգրկումը ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի մեջ:

Էդմոն Մարուքյանի կարծիքով այս մեխանիզմը կարող է օգտագործվել Հայաստանի կողմից նոր բարեկամներ ձեռք բերելու, հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, Հայաստանի խնդիրների մասին տարբեր խողովակներով բարձրաձայնելու և խնդիրները կարգավորող ուղիներ գտնելու համար:

Իր հերթին պատգամավոր Լիլիթ Մակունցը կարևորում է այս նախաձեռնությունը որպես արդյունավետ հարթակ նոր կապեր հաստատելու ու հարաբերությունները խորացնելու համար՝ ընդգծելով, որ համաժողովի միջոցառումներից բացի տեղի են ունենում հանդիպումներ ամերիկացի կոնգրեսականների հետ, որոնք նոր շունչ են հաղորդում երկրների միջև երկկողմանի հարաբերություններին: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ