Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իջևանում քաղաքացիների և ոստիկանների բախման դեպքով հարուցվել է քրգործ. բերման է ենթարկվել 19 անձ

Իջևանում քաղաքացիների և ոստիկանների բախման դեպքով հարուցվել է քրգործ. 
բերման է ենթարկվել 19 անձ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի խուլիգանության, նաև իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուցաբերելու հատկանիշներով։

 Ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 19 անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իջևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի խուլիգանության հատկանիշներով, նաև իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուցաբերելու հատկանիշներով: Այս պահին ոստիկանության ստորաբաժանումներ բերման ենթարկված 19 անձ ունենք։ Եվ շարունակական են լինելու աշխատանքները՝ մեղավորներին հայտնաբերելու և ողջ խստությամբ նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Մենք հանդուրժող չենք լինելու, անթույլատրելի եմ համարում նման պայմանով խոսել։ Երկար տարիներ իրենք սովոր են եղել, ոչնչացրել են անտառը և անօրինական զբաղվել են այդ անտառի առքուվաճառքով»,-ասաց ոստիկանապետը:

Նա ներկայացրեց նախորդ օրը տեղի ունեցածը: «Երեկ մի խումբ քաղաքացիներ օրվա ցերեկային ժամերին 5-6 տարբեր հատվածներում փակել էին ճանապարհները: Ոստիկանության ծառայողների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում ճանապարհը բացվել էր, սակայն երեկոյան արդեն այդ քաղաքացիները շատացել էին, նրանց թիվը հասել էր 500-600-ի, և չէին կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, կտրականապես հրաժարվել են բացել Երևան-Իջևան-Նոյեմբերյան տանող ճանապարհը»,-մանրամասնեց Օսիպյանը:

 Նրա խոսքով՝ ինքը որոշում է կայացրել և հանձնարարել, որ հայտարարելուց հետո օրենքի սահմաններում շղթա կազմեն և քայլեն առաջ, քաղաքացիներին բացատրեն, ստիպեն ազատել փակված ճանապարհի այդ հատվածը: «Սակայն մեր ծառայողների օրինական պահանջները նրանք դիմավորեցին մահակներով, մետաղյա ձողերով, քարերով: Դրա հետևանքով ոստիկանության 12 ծառայող մարմնական տարբեր վնասվածքներ ստացան, և տեղափոխվեցին Իջևանի բուժհաստատություն: Հետո իմ կողմից որոշում կայացվեց լրացուցիչ ուժեր ուղարկել Իջևան»,-պատմեց ոստիկանապետը:

Հուլիսի 17-ին Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել էին ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ:

Ոստիկանապետը նշեց՝ իրավիճակի մասին անմիջապես զեկուցել է վարչապետին և ինքն անձամբ շտապել Իջևան: Ոստիկանապետին դիմավորել է շուրջ 30 քաղաքացի: Օսիպյանը նրանց հետ բանակցել է մոտ կես ժամ: «Այդ ընթացքում ես բացատրեցի նրանց անօրինական  գործողությունները: Նրանք պահանջում էին, որ մենք վերացնենք Տավուշի մարզում տեղակայված անշարժ պահակակետերը, որոնք վերահսկում են Տավուշում ապօրինի ծառահատման դեպքերը: Նրանք ինձ հետ խոսում էին պայմանով, որ հրաման տանք հանելու անշարժ պահակակետերը, բերման ենթարկված մեքենաները, վարորդներին բաց թողնենք, արձանագրություն չկազմենք»,-ասաց Օսիպյանը:

Նա քաղաքացիներին բացատրել է, որ ոչ միայն թե չեն թողնելու և պահակակետերը վերացնելու հրաման չեն տալու, այլ նաև միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվելու, և մեղավորները պատասխանատվություն են կրելու:  Օսիպյանը շեշտեց՝ հեղափոխությունից հետո բոլորի պահանջն էր, որ բոլոր գործողությունները լինեն օրենքի տառին համապատասխան, և իրենք միանշանակ գործում են այդ սկզբունքով: Ոստիկանությունը թույլ չի տալու, որ նմանատիպ տոնով խոսեն ոստիկանի՝ պետության ներկայացուցչի հետ և թելադրեն, թե ինչ և ինչպես անեն:

Հարցին, թե ինչու են Երևանից ոստիկաններ գնացել՝ Օսիպյանը պատասխանեց. քանի որ իրենք կոչված են հասարակական կարգը ապահովելու: Տարբեր մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանների վիճակը նորմալ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Օսիպյանը հիշեց՝ ոստիկաններին վիրավորելու դեպքեր միշտ եղել են։ Սակայն նրա կարծիքով, դա պետք է հասցնել նվազագույնի:

Ոստիկանապետը վստահեցրեց, որ Տավուշում, հատկապես Իջևանում հասարակական կարգը լինելու է ապահովված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]