Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Պոլսո պատրիարքարանում հայտնի են դարձել Նախաձեռնող մարմնի անդամները


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի 85-րդ գահակալի ընտրության գործընացի կազմակերպման նպատակով հուլիսի 17-ին պատրիարքարանում տեղի է ունեցել կրոնական ժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից, նիստը նախագահել է պատրիարքական տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ժողովի ընթացքում, որին մասնակցել են համայնքային և թաղային մարմինների ներկայացուցիչները, ընտրվել են Նախաձեռնող   մարմնի անդամները:

Գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են Նախաձեռնող մարմնի 15 անդամ՝ Սարվեն Սերթշիմշեքը, Սարո Պենկլեանը, Սարգիս Չավուշեանը, Խոսրով Քյոլեդավիթօղլուն, Մինաս Ասլանը, Արետ Քորեանը, Թամար Քարասուն, Նազարեթ Էօզսահակեանը, Լենա Ենիեօրկանը, Գրիգոր Տեոշեմեճեանը, Սեդրակ Դավութհանը, Սելինդա Դողանը, Սևան Սվաճօղլուն, Կարպիս Տուրասլանը, Վալիա Հեճինօղլուն: Եվս 2-ը ավելացվել են Պատրիարքական աթոռի կողմից՝ Կորյուն ավագ քահանա Ֆեներճեանը և Հուսիկ քահանա Հերկելեանը:

Հենց այս Նախաձեռնող մարմինն է պատասխանատու լինելու նոր պատրիարքի ընտրության գործընթացը կազմակերպելու հարցում:

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։

Մութաֆյանի մահվանից հետո միայն թուրքական իշխանությունները թույլատրել են սկսել նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Կրոնական ժողովը հուլիսի սկզբին պատրիարքական տեղապահ էր ընտրել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, ով էլ ղեկավարելու է ընտրական ողջ գործընթացը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ