Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ընդունելություն  է կազմակերպել ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հուլիսի 15-ին հյուրընկալել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով խորհրդարանական պատվիրակության հետ գտնվում է Վաշինգտոնում` մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի առաջնորդների ֆորումին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից;

«Դեսպան Վարուժան Ներսեսյանը Վաշինգտոնի հայ համայնքի անդամներին ներկայացրեց Արարատ Միրզոյանին ու պատվիրակության անդամներին և խոսեց այցի ծրագրի ու ամերիկացի գործընկերների հետ ԱԺ նախագահի երկկողմ հանդիպումների մասին: Դեսպանն ընդգծեց Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:  

Արարատ Միրզոյանը խոսեց Հայաստանի ու ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ ՀՀ առաջնահերթությունների մասին, ինչպես նաև ներկաներին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքական, տնտեսական ու ընտրական բարեփոխումները` հատկապես կարևորելով արդարադատության ոլորտում խոշոր բարեփոխումների իրականացումը: Միջոցառման պաշտոնական մասից հետո համայնքի անդամները հնարավորություն ունեցան շփվելու հայկական պատվիրակության անդամների հետ և հարցեր ուղղելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Տեղեկանք․ Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովը երկկուսակցական կոնգրեսական հանձնաժողով է, որն անմիջականորեն աշխատում է գործընկեր պետությունների հետ` աջակցելով արդյունավետ, անկախ և հաշվետու օրենսդրական ինստիտուտների զարգացմանը, հանդիսանում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման յուրահատուկ հարթակ: Նշյալ միջոցառումից առաջ Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի երկկուսակցական պատվիրակությունն ընթացիկ տարվա ապրիլին այցելել էր Հայաստան»,- նշված է հաղորդագրության մեջ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ