Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

«Արմոս» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Գևորգ Գորգիսյանի դեմ. պատգամավորն արձագանքել է


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի դեմ դատական հայց է ներկայացրել «Արմոս» ընկերությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

«Արմոս» ՍՊԸ-ն պահանջում է Գորգիսյանից հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները,  ինչպես նաև հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել: Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանին:

Պատգամավորը Ազգային ժողովի ամբիոնից տեղեկացրել էր, որ իրեն են դիմել «Արմոս» ՍՊ ընկերության կոշիկի ձեռնարկության աշխատակիցները և նշել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը:

Անդրադառնալով իր դեմ ներկայացված դատական հայցին` «Արմենպրես»-ի հետ զրույցում Գորգիսյանը նշեց, որ դա իրենց իրավունք է, սակայն չի կարծում, որ ինչ-որ խախտում  կատարել է:

«Այն բոլոր հարցերը, որ բարձրացրել եմ Ազգային ժողովի ամբիոնից, բարձրացրել եմ քաղաքացիների դիմումի հիման վրա: 6 քաղաքացի ինձ դիմել է, որ իրենք աշխատել են, և իրենց հրաժարվել են գրանցել ու աշխատավարձ վճարել, որի վերաբերյալ նամակ եմ գրել Պետական եկամուտների կոմիտեին: ՊԵԿ-ի պատասխանը շատ տարակուսելի էր և ասում էին, որ որևէ խնդիր չեն գտել, սակայն ինձ մոտ կա ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է տնօրենը հրաժարվում գրանցել և վճարել աշխատողներին ու նաև սպառնում է նրանց, ասելով, որ  այս քաղաքում երբեք որևէ տեղ աշխատանք չեն գտնի: Տնօրենը նաև ասել է, որ այնպիսի մեջք ունի, որ ոչ-ոք ոչինչ չի կարող անել»,- ասաց Գորգիսյանը:

Պատգամավորը ասաց, որ իր հարցադրումը ուղղված էր Կառավարությանը, թե կա՞ն արդյոք նման իրողություններ  Հայաստանում, որի դեմ ժամանակին պայքարում էին:

«Չեմ կարծում, որ ընկերության հեղինակության հետ եմ խաղացել: Եթե կարող է որևէ ընկերության ղեկավար նման արտահայտություն անել և հետո որևէ կերպ չպատժվել, ուրեմն ուներ այդ հայտարարություն անելու հիմքերը»,- ասաց Գորգիսյանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ կհրապարակի ձայնագրությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ