1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հայաստանը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիս-հուլիս ամիսների ընթացքում շվեյցարական առաջատար տպագիր և էլեկտրոնային մամուլի միջոցով հազարավոր շվեյցարացիների  Հայաստանը ներկայացվել է որպես տուրիստական գրավիչ ուղղություն` աչքի ընկնելով ազգային ուտեստների բազմազանությամբ, բարձրակարգ գինիների տեսականիով (որը, հեղինակների ներկայացմամբ,  «ամենահինն է աշխարհում»), հազարամյա հարուստ պատմությամբ ու մշակույթով, դինամիկ զարգացող ու ժամանակակից մայրաքաղաքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նյութերը պատրաստվել են մայիսին, շվեյցարացի զբոսաշրջային լրագրողների Հայաստան կատարած ճանաչողական այցի ընթացքում` Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ շուրջ մեկ շաբաթ շրջագայել են Երևանի և Հայաստանի մարզերի տեսարժան վայրերով` հետաքրքիր տեղեկություններ, մարդկային պատմություններ հավաքագրելով և նկարահանումներ իրականացնելով: Շվեյցարական լայն լսարանի համար հավաքագրված նյութերի տարածումը նպատակ ունի բարձրացնելու  Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և խթանելու Շվեյցարիայից զբոսաշրջիկների աճը։ 

Կարևոր է նշել, որ նյութերը կրում են նաև դրական քաղաքական երանգ: Լրագրողների հետ տարված աշխատանքի արդյունքում նյութերում արտահայտված է անթաքույց համակրանք բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող ու չհանձնվող քրիստոնյա հայ ազգի նկատմամբ, հավատք դեպի երկրի ապագան:

Հավաքված նյութերի թիրախային լսարանը սահմանափակված չէ միայն Շվեյցարիայով: Շվեյցարացի լրագրողների կողմից ֆրանսերենով պատրաստված նյութերը կարող են օգտագործվել այլ ֆրանկոֆոն լսարանների համար, հատկապես հաշվի առնելով Հայաստանի դերը ֆրանկոֆոն աշխարհում 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովից հետո:

 «Cooperation» բաժանորդագրային հանդեսը Շվեյցարիայի ամենատարածված պարբերականներից է, պատկանում է Coop սուպերմարկետների ցանցին, այն ամեն շաբաթ ուղարկվում է ավելի քան 600 000 տուն (ավելի քան 1.5 միլիոն ընթերցող): Հունիսի 18-ի համարում Հայաստանը ներկայացվել է 4 էջում` նկարներով համեմված և «Հայաստանը հավատում է իր ապագային» վերնագրիրը կրող գեղեցիկ հոդվածով

Վալե կանտոնի ամենախոշոր օրաթերթի (ավելի քան 110 000 ընթերցող)` «Le Nouveliste»-ի հունիսի 21-ի համարում մեկ ամբողջական էջի վրա հրապարակվեց համանման «Հայաստանի վերագտնված հույսը» հոդվածը:

Նույն հոդվածը լույս է տեսել նաև «Le Nouveliste»-ի հետ նույն մեդիա խմբի մեջ գտնվող և Նյուշատել կանտոնում լույս տեսնող «Arcinfo» օրաթերթի (70 000 ընթերցող) հունիսի 15-ի համարում:

Գերմանալեզու «Wendezeit» բաժանորդագրային հանդեսի (շուրջ 30 000 բաժանորդ) հուլիս-սեպտեմբերի համարում 7 էջ նվիրված է Գյումրիին:

«Paris Match Suisse Edition» (50 000 ընթերցող) հանդեսի հունիս-սեպտեմբեր համարում լույս է տեսել էքսկլյուզիվ հոդված Շարլ Ազնավուրի վերանորոգվող տուն-թանգարանի մասին, որը մոտ ապագայում, հեղինակի ներկայացմամբ,  դառնալու է «համաշխարհային մակարդակի տեսարժան վայր»:

Այցի արդյունքում Շվեյցարիայի զբոսաշրջության լրագրողների ասոցիացիայի կայքում հրապարակվել է 15-ից ավելի թեմատիկ հոդված` ինքնատիպ նկարագրական մասով ու տպավորիչ նկարներով: Այս հոդվածաշարը դեռ շարունակվելու է և ավարտին հասնելուն պես համախմբվելու է մեկ էլեկտրոնային բրոշյուրում, որը ակտիվորեն տարածվելու է ֆրանսախոս միջավայրերում: Հոդվածներից մեկը` «Արենի` աշխարհի առաջին գինի» վերնագրով, արդեն վերատպվել է Ֆրանսիայի հայկական կայքերում` ստանալով բավական լայն տարածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]