Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են հայ-բրիտանական կրթական համագործակցության առաջիկա քայլերը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բրիտանական խորհրդի կրթության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Էվերիտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի հետ համատեղ իրականացված ծրագրերն ու համագործակցության զարգացման առաջիկա քայլերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Կարևորելով ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի շարունակական համագործակցությունը` նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն անդրադարձել է 2019 թվականի հունվարին տեղի ունեցած Կրթության համաշխարհային ֆորումի շրջանակում քննարկված մի շարք հարցերի: Մասնավորապես առանձնացվել է Հայաստանի 9 դպրոցներում անգլերենի ուսուցման ակումբների ծրագիրը, որը ներառում է դպրոցներում ակումբների բացում, կահավորում, համապատասխան ուսումնական նյութերի ապահովում, ինչպես նաև այդ ակումբներում  դասավանդող ուսուցիչների վերապատրաստում:

Բրիտանական խորհրդի հետ հետագա համագործակցության համատեքստում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական  կրթական կապերի  ընդլայնմանը`  կրթության բոլոր մակարդակներում: Մասնավորապես քննարկվել է համատեղ ֆորումի կազմակերպման հարցը, որի ընթացքում ստեղծարար արդյունաբերության և կրթության ոլորտների ներկայացուցիչները  կհամախմբվեն մեկ պլատֆորմի շուրջ` հնարավորություն տալով տնտեսվարողներին և գործատուներին մասնակից դառնալ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների  կրթական ծրագրերում աշխատաշուկայի կարիքներին միտված պահանջների ձևավորմանը: Նախատեսվում է նաև Հայաստան-Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն կրթական երկխոսության կազմակերպում, որի շրջանակում կքննարկվեն ոլորտային համագործակցության զարգացման նոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ