Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դատախազությունը համաձայն չէ այն դիտարկմանը, թե կալանավորումների նվազեցումը ինստիտուցիոնալ հենք չուն

Դատախազությունը համաձայն չէ այն դիտարկմանը, թե կալանավորումների 
նվազեցումը ինստիտուցիոնալ հենք չուն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այն հայտարարությանը, թե կալանքը որպես խափանման միջոցի ընտրության միջնորդությունների նվազումը ինստիտուցիոնալ հենք չունի և պայմանավորված է քաղաքական փոփոխություններով:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ երկարաժամկետ հեռանկարում կարող են խնդիրներ առաջանալ:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ նախնական կալանքի պրակտիկայի փոփոխության և այն հատկապես ինստիտուցիոնալ հենքի վրա իրականացնելու խնդիրը վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հռչակված բացարձակ առաջնահերթություններից է:

«Նախ՝ խափանման միջոց կալանավորումն ընտրելու, ինչպես նաև խափանման միջոց կալանավորման ժամկետների երկարաձգման միջնորդությունների քանակի նվազեցման և հատկապես հիմնավորվածության և որակի բարելավմանն ուղղված քայլերը ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է դեռ երկու տարի առաջ: Եվ հատուկ այն նպատակով, որպեսզի բարեփոխումները չկրեն իրավիճակային և կարճաժամկետ բնույթ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ այս խափանման միջոցի կիրառման պրակտիկան ուսումնասիրվել է եվրոպական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի և ոչ միայն Հայաստանի դեմ գանգատներով կայացված որոշումների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ վեր հանելով բոլոր հիմնական խնդիրները:

Դրա արդյունքում, հատուկ բարեփոխման գործընթացը ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու նպատակով, Գլխավոր դատախազի հանձնարարությամբ մշակվեցին և դատախազության կոլեգիայի որոշմամբ հաստատվեցին խափանման միջոց կալանքի ընտրության և կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունների ներկայացման անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները, որոնք վերաբերում էին միջնորդությունների պատճառաբանվածությանը, ներկայացվող միջնորդությունների փաստական հիմնավորվածությունն ապահովելու համար անհրաժեշտ դատավարական և օպերատիվ միջոցառումների իրականացմանը: Այդ ուղենիշները տրամադրվեցին նախաքննական մարմիններին՝ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին հանձնարարելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջնորդությունները կազմելիս դրանց պահպանմանը»,- գրել է Աբրահամյանը:

Բացի այդ, ըստ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի, ՀՀ գլխավոր դատախազությունը իրավական դիրքորոշում էր հայտնել, որ շեշտը պետք է դնել կալանքի հիմքերի ոչ թե հավանական կանխատեսելիության, այլ քրեական գործի նյութերով կալանքի հիմքերի մասին ռեալ փաստական տվյալների առկայության վրա:

Գոռ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը նաև մշակել է, հանրային քննարկման է ներկայացրել, այնուհետև նաև ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակն է հնարավորինս շուտ ներդնել այլընտրանքային այլ խափանման միջոցներ, մասնավորապես, տնային կալանքը, վարչական վերահսկողության հանձնելը, որոնք էականորեն կնպաստեն անազատության հետ կապված խափանման միջոցների կիրառման դեպքերի նվազմանը:

«Այս քայլերի ու նախաձեռնությունների արդյունքում, ինչպես արդարացիորեն արձանագրում է Մարդու իրավունքների պաշտպանը, հետևողականորեն արձանագրվում է նախնական կալանքի միջնորդությունների նվազման հստակ և անշեղ միտում, որի մասին դատախազությունը տեղեկացրել է պարբերաբար: Եվ այն հանգամանքը, որ նվազումը տեղի է ունենում ներկայացված միջնորդությունների բավարարման, իսկ որ շատ ավելի խոսուն է, դրանց դատական բողոքարկման դեպքերի նվազման ֆոնին, ուղղակի ապացույցն է այն բանի, որ դրական դինամիկան հենց ֆունդամենտալ, համակարգային բնույթ ունի՝ անկախ այն հանգամանքից, որ տեմպերը կարող են նաև մեզ չբավարարել:

Եվ վերջապես՝ ինքնին այն փաստը, որ այս բոլոր միջոցառումները սկսվել են 2017 թ. և նախնական կալանքի միջնորդությունների քանակական նվազման կայուն միտումները ևս սկսվել են 2017թ. և շարունակվում են ներկայում, ուղղակի վկայությունն են այն իրողության, որ դրա հիմնական պատճառները ոչ թե կամ ոչ այնքան քաղաքական փոփոխություններն են, որքան իրականացված և իրականացվող հետևողական ու համառ աշխատանքները»,- եզրափակել է Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]