Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Օգոստոս

Հայաստանում 400 դպրոց սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունի


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Դպրոցների սեյսմակայունությունը այն հարցն է, որ ոչ մեկին անտարբեր չի թողնում։ Առավել եւս՝ եթե հաշվի առնենք մեր «սեյսմաաշխույժ» տարածքը։ Առավելեւս՝ եթե հաշվի առնենք, որ ինչքան էլ խոսենք, թե երեխաներին հարկ է պատրաստել երկրաշարժի ժամանակ արվող քայլերին, միեւնույն է, չենք պատրաստում եւ, ի տարբերություն, ասենք, Ճապոնիայի, լրիվ բոբիկ ենք այդ՝ գործնական-իմացական ոլորտում։
Կառավարությունը այս տարվա փետրվարի նիստերից մեկում քննարկեց մի հարց, որ վերաբերում էր հենց դպրոցների սեյսմակայունության խնդրին։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է 4 դպրոցի (Երեւանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց, Երեւանի Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիր, Երեւանի Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց եւ Երեւանի «Հերացի» ավագ դպրոց) ուժեղացման նախագծումը։ Նախատեսվում է սկսել նաեւ երկու դպրոցի նախագծային աշխատանքները։ Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019թ. (իմա՝ մեր խնդիրը դպրոցների վիճակը առանձին-առանձին ներկայացնելը չէ, այլ՝ ոլորտային անելիքներին անդրադառնալը)։ Եվ ամենակարեւորը՝ ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն, այս նպատակով նախագծերն անցնում են միջազգային փորձաքննություն։
Ի դեպ, ըստ Սուրեն Պապիկյանի, միջազգային փորձագետի պահանջի հիման վրա իրականացված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շենքերում բետոնյա շաղախը ժամանակի ընթացքում կորցրել է իր ամրությունը եւ վերածվել է ավազի։ Հետագա ընթացքի համար փորձագետը 4 առաջարկ է արել. ա) քանդել ամբողջությամբ շենքերը եւ տեղում կառուցել նորերը, բ) թողնել գործող շենքերը եւ նորերը կառուցել այլ վայրերում, գ) շենքերի պատերը ամբողջությամբ ամրացնել բետոնի ներարկման միջոցով եւ դ) իրականացնել շենքերի պատերի (բացի արտաքին) երկկողմանի ուժեղացում։ 
Տեղեկացնենք, որ այս մոտեցումները քննարկվել են քաղաքաշինության կոմիտեի հետ։ Վերջինս առաջարկել է պահպանել դպրոցների ճակատային պատերը, ամրացնել դրանք ու կառուցել նոր դպրոցներ նույն տեղում։ 
Ինչու ենք միջազգային փորձագետի ու մեր մոտեցումները տարբերվել։ Ասենք, որ մեր դիրքորոշումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով. նախ՝ հնարավոր չէ կառուցել դպրոցներ այլ վայրերում, քանզի Երեւանում այդ տարածքները չկան։ Նաեւ՝ նպատակահարմար չէ քանդել շենքերը ամբողջությամբ, քանզի դրանք ճարտարապետական որոշակի արժեք են ներկայացնում։ Բացի այդ՝ նպատակահարմար չէ շենքերի պատերը ամբողջությամբ ամրացնել բետոնի ներարկման միջոցով, քանի որ ծավալները շատ են, ու նկատի ունենալով աշխատանքների իրականացման դժվարությունները, բարդություններ ու լրացուցիչ ծախսեր կառաջանան։ Եվ վերջինը՝  նպատակահարմար չէ շենքերի պատերը (բացի արտաքին) երկկողմանի ուժեղացնել, քանի որ փոքրանում են ներքին մակերեսները, եւ դա ծախսարդյունավետության տեսակետից արդարացված չէ։ Իսկ 2 դպրոց ամբողջությամբ կքանդվի, քանզի ենթակա չէ ամրացման (տեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն)։
Հարց ծագեց՝ իսկ ամբողջ երկրի դպրոցներից քանիսն ունեն անվտանգության խնդիր։ Պարզվում է՝ այդ պահի դրությամբ (փետրվարի) ուսումնասիրված դպրոցներից 46-ն արդեն խնդրահարույց է համարվել, մյուսներն ուսումնասիրվում են։
Երկու ամիս անց՝ ապրիլին, խնդրո առարկայի շուրջ կրկին քննարկում եղավ։ ԿԳՄՍ նախարարը նկատեց, թե դպրոցների ֆիզիկական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, եւ Ասիական զարգացման բանկի հետ ենք համագործակցում ու ոչ սեյսմակայուն դպրոցների վերանորոգման, ամրակայման աշխատանքներ ենք իրականացնում։ Այսօր 400 դպրոց սեյսմակայունության առումով լրջագույն խնդիրներ ունեն։
Սուրեն Պապիկյանն էլ քիչ մանրամասնելով նշեց, թե նախնական նպատակը եղել է դրանց հիմնանորոգումը, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դպրոցների մեծ մասն ամբողջապես պետք է քանդել եւ նորից սկսել։ Սա է պատճառը, որ նախնական թվաքանակը գուցե մի փոքր փոփոխվի։ Այս պահին կառավարության կողմից հաստատվել է 46 դպրոցի ծրագիր։ Այս տարի մենք նախատեսում ենք շուրջ 31 դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկ, ընթանում է 7 դպրոցի շինարարություն, որոնց մի մասը տարվա երկրորդ կեսին շահագործման կհանձնվի։ Նշվեց թվով 400 դպրոցների մասին, բայց առաջիկա մի քանի տարվա համար մեր ֆինանսավորումը դրանց ընդամենը 1/5-ի համար է նախատեսված, մնացածի համար մենք պետք է թե միջազգային գործընկերների, թե պետական միջոցների ներգրավման միջոցով փորձենք լուծել։
Ոլորտի խնդիրն առավել ամբողջական (ֆիզիկական ինչ վիճակում են ընդհանրապես մեր երկրի դպրոցները) տալու համար մենք հաջորդիվ մի քիչ կբացենք փակագծերը։ Մինչ այդ կարեւոր մի հարց բարձրացնենք. միջազգային գործընկերներից եւ պետական միջոցներից ավելի քիչ ֆինանսական պաշարներ ներգրավելու համար ինչու չաշխատենք մեր գործարարների հետ։ Բան չունեմ ասելու. ամեն գործարար ինքն է ընտրում՝ ինչպես տնօրինել ազատ միջոցները, բայց պետությունն էլ կարող է ուղղորդել նրան եւ համոզել, որ դպրոց կառուցի, վերանորոգի, ամրացնի։ Դպրոցն էլ է հոգու գործ։ Առավել եւս՝ մեր դպրոցը մեզ համար միայն գիտելիքի տաճար չէ, այն հոգու տաճար է, որտեղ սնվում է Հայաստանի ապագա քաղաքացին, ու որտեղ ներարկվում են Հայաստանի ապագայի նպատակները։ Գործարարի հետ ճիշտ աշխատելու պարագայում միջոցներն անպայման կգտնվեն։

Արմենուհի Մելքոնյան
«Հայաստանի Հանրապետություն»




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ