Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչության պետը բացառում է ՀՀ էներգահամակարգի վթարում մարդկային գործոնի ազդեցությունը

Վարչության պետը բացառում է ՀՀ էներգահամակարգի վթարում մարդկային գործոնի 
ազդեցությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը բացառում է հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարում մարդկային գործոնի ազդեցությունը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բադալյանն ասաց հուլիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բացարձակապես արտաքին գործոն չկա, հաքերային հարձակումը բացառվում է. մեր էներգահամակարգը կառավարվում է փակ համակարգով, հաքերային ներազդեցությունն անհնարին է, որևէ քաղաքական ազդեցություն նույնպես առկա չէ: Դա ուղղակի տեխնոլոգիական գործընթաց է, որը տեղի է ունեցել էներգահամակարգում ռեժիմի կառավարման ընթացքում: Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ հավանական է նաև  «մարդկային գործոն» ասվածը: Չի կարող նման բան տեղի ունենալ, որովհետև համակարգը կառավարվում է ավտոմատ, և մարդկային ազդեցությունը մենք նվազեցրել ենք ամենացածր մակարդակի»,- ասաց Բադալյանը:

Վարչության պետը նշեց, որ այս պահին կազմված է մասնագիտական խումբ, որի ուսումնասիրության հիման վրա հաջորդ շաբաթվա ընթացքում կկազմվի եզրակացություն, թե որտեղ և ինչի հետևանքով է տեղի ունեցել վթարը:

«Կազմվել է մասնագիտական խումբ, որն իրականացնում է քննություն: Ներկա պահին ուսումնասիրվում են բոլոր համակարգային, հանգուցային կայանների և ենթակայանների բոլոր բաղադրիչները, ցուցանիշները, մոտ ժամանակում կունենանք դրանց վերլուծությունը: Եկող շաբաթվա ընթացքում կունենանք նաև վերջնական եզրակացություն, թե ինչից է տեղի ունեցել պատահարը, և նաև` կոնկրետ որ հանգույցում է տեղի ունեցել»,- նշեց նա:

Հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում եղել է հաճախականության տատանում, ինչի հետևանքով անջատվել են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, հետո՝ «Երևան» ՋԷԿ-ը, այնուհետև՝ ավելի փոքր կայաններ: Նույն օրը ՀՀ-ում էլեկտրաէներգետիկ համակարգում վիճակը կայունացել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am