Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Սեպտեմբեր

Ըստ Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագծի՝ կգործի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Քննարկմանը ներկա են գտնվել քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև՝ նոր ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ դրա ներդրման շնորհիվ Երևանը վերջապես կունենա քաղաքի բնակիչներին վայել փոխադրական համակարգ:

Եզրափակիչ հաշվետվություն են ներկայացրել Երևան այցելած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամները, որոնք, մասնավորապես նշել են, որ հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների թվում ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթևացնի սակագնային բեռը: Հասարակական տրանսպորտը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: 

Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ նոր երթուղային ցանցի սպասարկման, ծրագրի ներդրման, նախատեսվող ավտոբուսների տեխնիկական հնարավորությունների, սակագնի հաշվարկման, էլեկտրատրանսպորտի զարգացման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:

«Տրանսպորտը կարևոր ռազմավարական նշանակության տարր է մեզ համար, ուստի, այս պահին ավելի հակված ենք ծրագիրը 100%-ով իրականացնել համայնքային եւ պետական ուժերով և հետո հասկանալ, թե դրա որ մասը կարելի է պատվիրակել մասնավոր հատվածին»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել WYG ընկերությանը համագործակցության և Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխման մասնագիտական խմբին՝ կատարած աշխատանքի համար:

«Սա ծանր բեռ ու մեծ պատասխանատվություն է, որն իրենց ուսերին կրում են պետությունն ու Երևան համայնքը: Հուսով ենք, որ ցանցը գործարկելու ժամկետը չի գերազանցի երկու տարին»,- ընդգծել է Հայկ Մարությանը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ