Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում անդրադարձել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցին  


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ի գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանի տնտեսությունը վնասներ է կրում Իրանի դեմ պատժամիջոցներից և որ Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանից գազ գնելուց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը այս մասին հայտնել է Վաշինգտոնի հայտնի վերլուծական կենտրոններից մեկում՝ Ատլանտյան խորհրդում քննարկման ժամանակ:

«Միացյալ Նահանգների և Իրանի միջև առկա լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ն ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,-ասել է Միրզոյանը:

Միրզոյանը նկատել է, որ հարաբերությունների զարգացումը բարեկամ մի երկրի հետ չպետք է լինի մեկ այլ բարեկամ երկրի հաշվին: ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնելու հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:

Միրզոյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է, որ շատ հետաքրքիր և բուռն քննարկում են ունեցել:

Ատլանտյան խորհրդրում խոսել են նաև Հայաստանի ներքին ու արտաքին օրակարգերի այլ կարևոր հարցերից՝ Արցախյան հիմնախնդրից մինչև դատաիրավական բարեփոխումներ։ Միրզոյանը ընդգծել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը և կոռուպցիայի դեմ պայքարը: «Այսօրվա իշխանությունն ունի ուժեղ քաղաքական կամք և հավատարմություն ժողովրդավարական արժեքների, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման համար»,-ասել է Միրզոյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ