Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Արա Գևորգյանը Երևանի մենահամերգի ամբողջ հասույթն ուղղելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, որը երկար տարիներ մենահամերգով չի ներկայացել հայրենիքում, սեպտեմբերի 7-ին իր արվեստի երկրպագուներին մեծ տոն է պարգևելու` հանդես գալով «Դու պիտի ճախրես» խորագրով համերգային ծրագրով: Այն նախատեսվում է անցկացնել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է
քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Այդ նպատակով նախաձեռնության հեղինակները համագործակցում են «City of smile» հիմնադրամի հետ, որի առաքելությունն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների, երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։

«Բախտ եմ ունեցել մեր հայրենիքում  հանդես գալ մենահամերգներով, հեղինակային երեկոներով: 2001 թվականին հեղինակային համերգ կազմակերպեցինք` նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, 2002 թվականին Սարդարապատում եմ խոշոր համերգային ծրագրով ներկայացել` նվիրված մայիսյան հաղթանակներին, այնուհետև ելույթներ եմ ունեցել տարբեր կարևորագույն միջոցառումների շրջանակներում:

Այս տարի նախաձեռնեցինք իմ կողմից երկար սպասված այս համերգը, որպեսզի կարողանանք  օգտակար լինել այն երեխաներին, որոնք ունեն մեր աջակցության կարիքը»,-հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արա Գևորգյանը:

Նա ընդգծեց, որ ոչ մի անգամ Հայաստանում գումարով համերգ չի ունեցել, ոչ մի միջոցառման  համար չի վճարվել, և դա իր ցանկությունն է եղել: «Այս անգամ երեկոյի ամբողջ հասույթը տրամադրվելու է  երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- նշեց երաժիշտը:

Գևորգյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր անսամբլներին, որոնք մասնակցելու են ծրագրին` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Պարի պետական անսամբլին, «Սարդարապատ» պարի խմբին և մյուս մասնակիցներին:

Խոսելով համերգի խորագրի մասին` Գևորգյանը շեշտեց, որ «Դու պիտի ճախրես»-ը իր նոր ձայնասկավառակի անվանումն է:

«City of smile» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ տեղեկություն տրամադրեց  հիմնադրամի մասին` նշելով, որ այն ամբողջությամբ հոգում է քաղցկեղ կամ արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծախսերը:

«Փորձում ենք այնպես անել, որ ծնողները ոչ թե մտածեն ֆինանսական խնդիրների մասին, այլ երեխաների կողքին լինեն,  աջակցեն  նրանց,  հոգ տանեն երեխաների մասին»,- ընդգծեց Դեմիրճյանն ու կոչ արեց գործարարներին, հնարավորություններ ունեցող մարդկանց աջակցել համերգին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ