Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Օգոստոս

Կոտայքի 6 բուժկենտրոնում մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշը 54 տոկոսով աճել է


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Կոտայքի մարզի 4 բժշկական կենտրոններում (Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի), Աբովյանի ծննդատանը և Նոր Հաճնի պոլիկլինիկայում մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կոտայքի մարզպետարանից, նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է 154.726.900 դրամ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 100.331.000 դրամի դիմաց: Ցուցանիշը աճել է 54.395.000 դրամով կամ 54 տոկոսով:

Նշված բուժկենտրոններում 2019 թվականի առաջին եռամսյակում ևս վճարովի ծառայությունների աճ էր գրանցվել. 2019 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել էր 136.056.000 դրամ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 109.175.200 դրամի դիմաց: Ցուցանիշն աճել էր 26.880.800 դրամով կամ 25 տոկոսով:

Ստացվում է, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում նշված բուժկենտրոններում վճարովի ծառայությունների ցուցանիշը կրկնակի աճել է:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի բուժկենտրոններում արձանագրված շոշափելի արդյունքները պայմանավորում է նաև ստվերային շրջանառության վերացմամբ և բացառմամբ, բժշկական կենտրոնների՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների առկայության արդյունքում մատուցվող որակյալ բժշկական ծառայությունների տրամադրմամբ, մարզի բնակիչների իրավագիտակցության և մարզային բուժկենտրոնների հանդեպ վստահության բարձրացմամբ՝ միաժամանակ ևս մեկ անգամ կոչ անելով բուժկենտրոնների ղեկավարներին՝ ամենօրյա աշխատանքում բացառել որևէ արատավոր երևույթ, պահպանել քաղաքացիների հետ անձնական վարվեցողության կանոնները:

Մարզպետի անմիջական վերահսկողությամբ ինչպես նախկինում, այսուհետ ևս ամենօրյա և շարունակական աշխատանքներ կիրականացվեն մարզի բժշկական հաստատությունների պատասխանատուների հետ՝ աշխատանքի որակը բարձրացնելու, մատուցվող բժշկական ծառայությունների ողջ ծավալը բնակչության բոլոր խավերին հասանելի դարձնելու ուղղությամբ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ