Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թաթոյանն անդրադարձել է վեթինգի մասին Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը

Թաթոյանն անդրադարձել է վեթինգի մասին Վենետիկի հանձնաժողովի 
արձանագրությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միանշանակ է համարում, որ Հայաստանի դատական համակարգի խնդիրներն ունեն հրատապ լուծման կարիք, սակայն վեթինգի միջոցով լուծելու համար Թաթոյանը առաջ է քաշում մի շարք հարցեր, թե ինչ գործիքներով է արվելու և արդյոք «տոտալ վեթինգի» իրականացումը համապատասխանելու է Սահմանադրությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց ՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, որում անդրադարձ է կատարված նաև Հայաստանի դատական համակարգին:

Թաթոյանը նաև անդրադարձավ հարցին, թե որքանով է ՀՀ իշխանությունների համար այդ եզրակացությունը պարտավորեցնող և արդյոք կհրաժարվեն վեթինգ իրականացնելուց։

«Վեթինգի մասին հայտնելուց հետո մենք միշտ էլ պատրաստակամություն ենք հայտնել համագործակցելու և ոլորտում ներգրավված լինելու: Եվ պետք է ասեմ, որ կառավարության մեր գործընկերները նույնպես պատրաստակամ էին մեզ հետ աշխատելու: Ինչ վերաբերում է տոտալ վեթինգից հրաժարվելուն, հանձնաժողովը հենց դրա մասին էլ խոսում է, ինչ էլ լինի, մենք պետք է յուրաքանչյուր հարց քննության ենթարկենք, դիտարկենք գործող Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Եվ իրավունք չունենք որևէ անգամ թույլ տալ այնպիսի գործողություն, որը կարող է խախտել Սահմանադրությունը կամ օրենքը, որովհետև դա կարող է նաև դատական իշխանության դեպքում բացասական ազդեցություն ունենալ երկրի միջազգային վարկի վրա: Մինչև հիմա էլ չկա հստակ դիրքորոշում, թե ինչ է լինելու վեթինգը բոլոր կոմպոնենտներով գործադրվելու դեպքում: Դատական իշխանության համակարգում ունենք խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծվեն, և այս հարցում ես լիարժեք ՀՀ վարչապետի հետ համաձայն եմ, աջակցում եմ այդ դիրքորոշումը, որ պետք է հնարավորինս արագ լուծենք, որովհետև ստեղծված իրավիճակը վնասակար է ոչ միայն դատական իշխանության հեղինակությանը, այլ նաև կոնկրետ գործերով մարդու իրավունքների պաշտպանության հարցերով»,-ասաց նա։

Թաթոյանը նկատեց՝ «տոտալ վեթինգի» ճանապարհով գնալու դեպքում պետք է շատ զգույշ լինել, որ դատական իշխանության հեղինակությանը չվնասվի և պահպանվեն սահմանադրությունն ու օրենքները: Նրա կարծիքով՝ կան մի շարք հարցեր, թե վեթինգն ինչպես են անելու, ինչ գործիքներով: «Սակայն այն, որ Հայաստանի դատական համակարգի խնդիրներն ունեն հրատապ լուծման կարիք, կարծում եմ, որ այդտեղ երկրորդ կարծիք չկա»,-ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, թե վեթինգի մասին հայտարարությունից սկսած Եվրոպայի խորհրդից Հայաստան էին ժամանել մի քանի պատվիրակություններ, որոնց հետ նաև ինքն է հանդիպել։ «Ուզում եմ ասել, որ նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ կար, որ պետք է խստացնել և գործադրել կարգապահական պատասխանատվության մեխանիզմները, որը, կարծում եմ, որ Հայաստանում արդյունավետ չի գործել նաև Դատական նոր օրենսգրքի ընդունումից հետո »,-ասաց նա։

Թաթոյանը նկատեց, թե կարող են քննարկել վեթինգի կոնկրետ կոմպոնենտներ ներդնելու ճանապարհով գնալը։ «Դա կարող է, օրինակ, վերաբերել շահերի բախման հետ կապված հարցին, ուժեղացնել հսկողական մեխանիզմները, օրինակ, ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների կարգավիճակները։ Սրանք հարցեր են,որոնք անպայման պետք է արմատախիլ արվեն դատական համակարգից: Վենետիկի հանձնաժողովը ևս նշում է, որ Հայաստանի դատական համակարգի հետ կապված կան խնդիրներ: Այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք տանենք: Սակայն մեր գործողությունները երբևէ չպետք է այնպիսին լինեն, որ կտանեն դատական իշխանության հեղինակության անկման։ Պետք է հեռահար մտածենք, թե դատական իշխանությունը երկրում ինչպիսին է: Այն պետք է անկախ լինի գործադիր, օրենսդիր իշխանության որևէ ներկայացուցչի որևէ ազդեցությունից»,-ասաց նա և հավելեց, որ ՀՀ օրենսդրությունն էլ պետք է բարեփոխվի, կարծում է, որ օրենսդրությունն էլ լիարժեք չի տալիս այդ հնարավորությունը:

Անդրադառնալով վարչապետի դատարանների մուտքերն արգելափակելու կոչին՝ նա հիշեցրեց, որ ինքը տեղին արձագանքով է հանդես եկել: Նա հատուկ նշեց, որ դիտարկելով վարչապետի կողմից արված կոչը և դատական իշխանության վերաբերյալ վարչապետի հաջորդ օրը արված ուղերձը, դատական իշխանության վերաբերյալ վարչապետի մոտեցումը՝ կարծում է, որ դա այդ իրավիճակում լավագույնն էր, որ կար՝ նաև քաղաքական առումով: «Իմ արձագանքի հիմնական մեխը վերաբերում էր այն անձանց, ովքեր հանրային պաշտոն էին զբաղեցնում և կոչեր էին անում գնալ և արգելափակել դատարանները: Սա անթույլատրելի է, քանի որ հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ ունի կոնկրետ կարգավիճակ, որն այդ պաշտոնին է կոնկրետ լիազորություններ իրականացնելու համար, դա բնականաբար պետք է իրականացնել: Առավել ևս դա խնդիր է ստեղծում դատական իշխանության անկախության հետ կապված»,-ասաց Թաթոյանը:

Նա նաև շեշտեց, որ իշխող խմբակցության ներկայացուցիչները պետք է նկատի ունենան, որ իրենց ցանկացած հայտարարություն, որն առնչվում է այդ հարցերին, միջազգային կազմակերպության կողմից կարող են ընկալվել որպես կառավարության թաքնված դիրքորոշում: «Դրա համար ես գտնում եմ, որ այդ առումով պետք է հստակ ունենանք տարանջատում՝ թե իրավասության, թե կարգավիճակների առումով»,-նշեց նա:

«Իրավական ուղի» ՀԿ-ն տարածել էր Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որը կարևոր նկատառումներ է պարունակում նաև Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]