Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Անհետացած քաղաքների հավաքածու» կանադական կինոնկարը «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում է

«Անհետացած քաղաքների հավաքածու» կանադական կինոնկարը «Ոսկե ծիրան»-ի 
մրցութային ծրագրում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված «Անհետացած քաղաքների հավաքածու» կինոնկարում 215 բնակիչ ունեցող Իրենե-լե-Նեժ մեկուսի փոքրիկ քաղաքում ավտովթարի հետևանքով մահանում է Սիմոն Դյուբեն: Ցնցված բնակիչները դժկամությամբ են քննարկում ողբերգության հանգամանքները: Դրանից հետո Դյուբե ընտանիքի, ինչպես և քաղաքապետ Սմոլվուդի ու մի խումբ մարդկանց համար ժամանակը, կարծես, կորցնում է իմաստը, և օրերը ձգվում են անվերջ: Ինչ-որ բան է դանդաղ իջնում քաղաքի վրա. ողբի այդ օրերին մշուշի մեջ օտարականներ են սկսում երևութանալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 13-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել ժապավենի գլխավոր դերակատար Լարիսա Կորիվուի հետ, որն ասաց` առաջին անգամ է համագործակցում ռեժիսոր Դընի Կոտեի հետ, որը քասթինգների միջոցով չի ընտրում իր դերասանական խմբի անդամներին. նա դերասաններին ընտրում է լուսանկարների միջոցով:

Ռեժիսորը Կորիվուին ֆիլմում նկարահանվելու առաջարկ է արել դերասանուհու «Ֆեյսբուք»-ի էջն ուսումնասիրելով:

«Դընի Կոտեն իր ֆիլմերում սիրում է հարցեր տալ, բայց հազվադեպ` պատասխաններ. ահա թե ինչու յուրաքանչյուր հանդիսատես կարող է յուրովի մեկնաբանել ֆիլմն ու հասկանալ այն: Իսկ ինձ համար կինոնկարն այն վախի զգացողության մասին է, որն առաջանում է մեզ համար անհասկանալի, անբացատրելի երևույթներին հանդիպելիս»,-ասաց դերասանուհին:

Նա խոստովանեց, որ շեշտը չեն դրել հերոսների հոգեբանության վերլուծության վրա և կարևորել են տեխնիկական ասպեկտները:

Անդրադառնալով իր կերպարին` Կորիվուն ասաց, որ Ադելը վախենում է ամեն ինչից:

«Երբ ռեժիսորի հետ խոսում էինք այս կերպարի մասին, նա ասաց, որ փորձեմ խաղալ այնպես, որ  Ադելը չվերածվի սարսափած գյուղական խեղկատակի: Այդ նպատակով անհրաժեշտ էր  չկմկմալ և երբեմն թարթել աչքերը: Խոստովանեմ, որ մեծ կինոյում սա իմ առաջին դերակատարումն է: Հիմնականում խաղում եմ թատրոնում: Այս ֆիլմի միջոցով սովորեցի շատ չվերլուծել կերպարն ու այն անցկացնել իմ պրիզմայով»,-նշեց Լարիսա Կորիվուն:

Դերասանուհին ասաց, որ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում դիտել է մի քանի ֆիլմ: Նրան հատկապես դուր են եկել  ռուսական «Լողլողը» և վրացական «Հարևաններ» ժապավենները:

Խոսելով Հայաստան այցի մասին` Կորիվուն հավաստիացրեց,  որ դեռ տասը տարի առաջ էր ցանկանում հյուրընկալվել մեզ: «Շոյված եմ ձեր հյուրընկալությունից, հավանում եմ կազմակերպած միջոցառումները: Շատ սիրեցի ծիրան միրգը: Եղել եմ Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Շշմելու է նրա արվեստը, զարմանալի, տպավորված եմ իրապես»,-եզրափակեց Կորիվուն:

«Անհետացած քաղաքների հավաքածու» ֆիլմը ցուցադրվել է նաև Բեռլինի միջազգային կինոփառատոնում և մեծ հետաքրքրություն առաջացրել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]