Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Մասնագիտական կազմակերպությունները մրցանակներ հանձնեցին  «Ոսկե ծիրան»-ի լավագույն մասնակիցներին


ԵՐԵՎԱՆ, 13  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 12-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն: «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա» և այլ անվանակարգերում մրցանակներ հանձնեցին մասնագիտական մի շարք կազմակերպություններ: Միջոցառման մասնակիցներից ողջունեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային կինոակադեմիան մրցանակ շնորհեց «Իմ Նոր տարի» ֆիլմին:

Կինոակադեմիայի ներկայացուցիչ Անետա Երզնկյանն ասաց, որ «Իմ Նոր տարի» կինոնկարը դրամատիկ պատմություն է, որում կա լավատեսություն: «Դա ստեղծագործական խմբի շնորհիվ է, որը ղեկավարում է ռեժիսոր Արուսիկ Սիմոնյանը: Շնորհավորում եմ նրանց», -նշեց Երզնկյանը:

Սիմոնյանը մրցանակը ստանալիս ընդգծեց, որ չափազանց զգացված է և ուրախ, որ իրենց աշխատանքը գնահատվում է հենց Հայաստանում:

Լավագույն դերակատարման համար «Սոս Սարգսյան»  մշակութային հիմնադրամի «Սոս Սարգսյան»  մրցանակին արժանացավ Դարյա Շումակովայի «Ես տուն կվերադառնամ» կինոնկարի գլխավոր դերակատար Ֆրունզե Ամիրխանյանը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը  շնորհեց «Դեկտեմբեր» ժապավենին, որի ռեժիսորը Արման Հարությունյանն է:

Միության ներկայացուցիչ Միքայել Դովլաթյանի խոսքով՝ ժյուրիի անդամները դիտել են Իրանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից վավերագրական, խաղարկային ավելի քան 25 կարճամետրաժ կինոնկար: Ընտրությունը բավականին բարդ է եղել:

Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի մրցանակը ստացավ իրանական «Փայտփորը» ֆիլմը: Ռեժիսոր Բեհրուզ Շոյաբիի կինոնկարը հետաքրքիր պատմություն է իրանական ընտանիքի մասին: Կինոգետ Արծվի Բախչինյանը, որը հանձնեց մրցանակը, նշեց, որ մրցանակը սահմանել են տարածաշրջանային ֆիլմերի համար: «Փառատոնում մշտապես ներկայացվում են իրանական ֆիլմեր, ու մենք տեսնում ենք, որ իրանական կինոն բարձունքում է և շարունակում է զարգանալ»,-շեշտեց կինոգետը:

«Հրանտ Մաթևոսյան»  հիմնադրամի սահմանած  մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց վրացական «Հորիզոն» ֆիլմին: Մրցանակը հանձնելիս Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը երիտասարդներին հորդորեց կարդալ որակյալ գրքեր՝ որակյալ ֆիլմեր նկարահանելու համար:

IFCA Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում «IFCA» մրցանակը շնորհեց Գիորգի Տավարթկիլաձեի «Վատ մարդիկ» վրացական և Արթուր Սուքիասյանի հայկական «Վերք» կարճամետրաժ կինոնկարներին: «Վերք»-ի ռեժիսոր Արթուր Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար ու նշեց, որ  ֆիլմը  սիրո խոստովանություն է Գյումրուն՝ իր քաղաքին, որը շատ գեղեցիկ է:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատանի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ