Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

ԱԱԾ-ն 10 օրում կներկայացնի էներգետիկ համակարգի խոշոր խափանման վերաբերյալ նախնական եզրակացությունը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տասն օրվա ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կներկայացնի էներգետիկ համակարգի խոշոր խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում  այս մասին հայտնեց  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզվի՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՝ եղել է տեխնիկական պատճառներով։ Այս բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։ Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, և 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»,– նշեց Վանեցյանը։

Հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով  Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատվել էին: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել էր, որ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառները դեռ պարզ չեն՝ հավելելով, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ, կատարվելու են ուսումնասիրություններ՝ վթարի պատճառները պարզելու համար: Նա վստահեցրեց, որ վթարի պատճառներն ու մեղավորներն անպայման կբացահայտվեն:

«Ժամը 13:46-ին Հայաստանի էներգետիկ համակարգում եղել է հաճախականության տատանում, որի հետևանքով անջատվել են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, հետո՝ «Երևան» ՋԷԿ-ը, այնուհետև՝ ավելի փոքր կայաններԴեռևս հստակ ախտորոշված չի պատճառը, բայց կայունությունը վերականգնված է, հաճախականության տատանումներ չունենք: Ինչպես գիտեք, մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ, ու ցանկացած տատանում Իրանում զգացվում է մեզ մոտ, մեր երկրում էլ ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ ևս եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում, բայց 100 տոկոսով ասել, որ վթարի պատճառը, հաճախականության տատանումները եկել են իրանական էներգահամակարգից, չենք կարող: Կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն, պատճառները և մեղավորներն անպայման կբացահայտվեն»,- ասել էր նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ