Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Տերտերյանը մասնակցել է «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր` մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրին


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի պաշտոնական մեկնարկին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովը։ 

Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։

«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով։ Թիրախային մարզերն են՝ Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք։

Հայաստանում ՄԱԶԾ  մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը նշել է, որ որպես նորարարական մոտեցումների կիրառման առաջատար, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն առաջարկում է ապագային ուղղված լուծումների ներառում մասնագիտական հմտությունների և աշխատատեղերի զարգացման գործում։

Իր հերթին փոխնախարար Վաչե Տերտերյանը նկատել է, որ ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար ծրագիրն իր բովանդակությամբ և բազմաշերտ ուղղվածությամբ թղթակցվում է Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ռազմավարության առաջնահերթություններին։ «Այն հնարավորություն է ընձեռնում կայուն քայլեր ձեռնարկել դեպի նորարարական և մրցակցային աշխատաշուկա, վերլուծել մարզերի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի խզվածությունը՝ առաջարկելով արդիական մասնագիտական կրթության ուղղություններ»,- ասել է Վաչե Տերտերյանը։ Փոխնախարարը վստահություն է հայտնել, որ UNDP-ին իր փորձի և արհեստավարժության շնորհիվ կհաջողի նաև այս հեռանկարային ծրագրում։  

Հիմնվելով Սկոլկովոյի կառավարման դպրոցի «Ապագա մասնագիտությունների քարտեզ» հետազոտության վրա՝ ծրագիրը Հայաստանում կիրականացնի հեռանկարային և վերացող մասնագիտությունների կանխատեսում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի ներուժը և զարգացման հնարավորությունները: Այն իրականացվելու է հետազոտական, կրթական և պիլոտային թեստավորման բաղադրիչների համադրությամբ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի իրականացման առաջին փուլի հետազոտության արդյունքները, որի ընթացքում քարտեզագրվել է թիրախ մարզերի իրական աշխատաշուկայի ներուժը և թողունակությունը, աշխատաշուկայի հնարավոր պահանջարկը միջնաժամկետ ապագայի (մինչև 5 տարի), ինչպես նաև աշխատաշուկայի տեղական և գլոբալ զարգացումների հնարավոր սցենարներն ավելի երկարաժամկետ (մինչև 15 տարի) կտրվածքով։

Հիմնվելով հետազոտությունների արդյունքների և առաջարկների վրա, ծրագրի շրջանակներում մշակվելու են աշխատատեղերին համապատասխան հմտությունների զարգացման անհրաժեշտ կարճաժամկետ և միջնաժամկետ ռազմավարություններ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մոդուլների տեսքով։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ