Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գիեդանիի պորտը» ֆիլմը բացահայտում է սապոտեկ ցեղի յուրահատուկ հարաբերությունները վերնախավի հետ

«Գիեդանիի պորտը» ֆիլմը բացահայտում է սապոտեկ ցեղի յուրահատուկ 
հարաբերությունները վերնախավի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» ֆիլմում սապոտեկ հնդկացիական ցեղից սերող մի աղջիկ՝ Գիեդանին, մոր հետ սպասուհու աշխատանքի է անցնում Մեխիկոյում՝ միջին դասի վերնախավին պատկանող մի ընտանիքում: Աղջիկը չի համակերպվում իր կարգավիճակին, ընդդիմանում է տիրող կարգուկանոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2018 թվականին նկարահանված մեքսիկական ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում:

Հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Շավի Սալան ասաց, որ իր ֆիլմը հաճախ են համեմատում օսկարակիր «Ռոմա» կինոնկարի հետ: Երկու ֆիլմում էլ անդրադարձ է կատարվում տեղացիների և բարձր խավի ներկայացուցիչների հարաբերություններին, միմյանց նկատմամբ նրանց վերաբերմունքին, ընկալումներին:

«Իմ ֆիլմում կարևոր է այն, որ հերոսն ունի ընտրելու իրավունք` լինել հպատակ, թե ըմբոստանալ տիրող իրավիճակին: Նա ընտրում է պայքարի ճանապարհը, ցանկանում է հաղթել: Մենք ընդգծել ենք դասակարգային պայքարի խնդիրը: Այս կինոնկարը դժվար թե սիրով դիտեն բարձր խավի ներկայացուցիչները, որովհետև ես շեշտում եմ, որ, մեղմ ասած, միշտ չէ, որ նրանց և բնիկների հարաբերությունները հարթ են, բարիդրացիական»,-ներկայացրեց ռեժիսորը:

Նրա համոզմամբ` այն խնդիրները, որոնք արծարծվում են «Գիեդանիի պորտը» կինոնկարում, միշտ էլ արդիական են և կարևոր: «Ես սապոտեկ ցեղի հետ հարազատություն եմ զգում, որովհետև Կատալոնիայից եմ և անցել եմ այն ճանապարհը, որն անցել են նրանք: Ավելի քան հինգ տարի ապրել եմ սապոտեկ ցեղի հետ:  Շատ  լավ հասկանում եմ նրանց. և՛ մենք, և՛ նրանք ինքնության պահպանման խնդիր ունենք»,-շեշտեց Շավի Սալան և հավելեց, որ ֆիլմի հիմքում հորինված պատմություն է, որն արտացոլում է իրականությունը, իսկ գլխավոր հերոսուհու դերակատարին ռեժիսորը փնտրել է ավելի քան երկու տարի:

Շավի Սալան կատալանախոս Վալենսիայի Ալիկանտե քաղաքից է. Մեքսիկայի քաղաքացիություն ունի: Լրագրություն է ուսանել: Սցենարիստ է, ռեժիսոր և կինոպրոդյուսեր: Նրա «Հիջաբ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Գոյա» մրցանակի: Սալայի ինը կարճամետրաժ ֆիլմերը բազմաթիվ միջազգային կինոփառատոնների են մասնակցել՝ շահելով ավելի քան 80 մրցանակ և միջազգային ճանաչում բերելով ռեժիսորին: Լատինական Ամերիկայի, Իսպանիայի, Աֆրիկայի միջազգային կինոսեմինարներում նա երիտասարդներին է փոխանցել կինոդրամատուրգի իր փորձը: «Գիեդանիի պորտը» նրա  առաջին խաղարկային լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]