Եվրո-2019-ի ամեն խաղի հաղթանակի հասնելու ձգտումով ենք մասնակցելու. Արթուր Ոսկանյան
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը Եվրոպայի 2019 թվականի Երևանում կայանալիք առաջնությանը մասնակցելու է ամեն խաղում հաղթանակի ձգտելով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Մ19 տարեկանների մարզիչը շեշտեց, որ թիմը հավաք է անցկացնում մայիսի 26-ից, և ընտրանին պատրաստ է Եվրո-2019-ի մեկնարկին: Ոսկանյանի խոսքով` ֆուտբոլիստների համար կարևորը խաղերից հաճույք ստանալն է և հանդիպումներից առաջ չլարվելը:
«Ֆուտբոլիստներին ասել և ասում ենք, որ պատասխանատու մրցաշարի ենք մասնակցում: Մենք մեծ աշխատանք ենք տարել պաշտպանական գծում: Ամեն խաղում հաղթանակի համար ենք խաղալու»,-առանձնացրեց մասնագետը:
Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:
8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:
Բացման հանդիսավոր արարողությունը և առաջին խաղը կկայանան հուլիսի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ուժերը կչափեն Հայաստանի և Իսպանիայի թիմերը: Հանդիպումը կմեկնարկի 18:45-ին: Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 200-500 դրամ:
Վարվառա Հայրապետյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում