Սեր աղավնիների հանդեպ, նվիրում ընկերներին. Երևանում ցուցադրվեց «Աղավնագողերը» ֆիլմը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում ընդգրկված թուրքական «Աղավնագողերը» ֆիլմի գլխավոր հերոսը` տասնվեցամյա Մահմութը, սիրում է աղավնիներ պահել և բաց չի թողնում նրանց գողանալու առիթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2019 թվականին նկարահանված կինոնկարի ռեժիսորը Օսման Նաիլ Դողանն է, պրոդյուսերը` Սինան Սերթեն: Հուլիսի 10-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել և զրուցել Սերթեի հետ:
«Թուրքիայում աղավնիներ պահելը տարածված երևույթ է: Մարդիկ սիրում են աղավնիներին, հոգ են տանում նրանց մասին, փոխանակում են նրանց, վաճառում: Դա լուրջ բիզնես է: Մեր կինոնկարում ներկայացված է իրականությունը գեղարվեստական մոտեցմամբ: Մենք գիտենք, որ գողությունը բացասական երևույթ է, բայց աղավնիներ գողանալն այլ բնույթ ունի. թռչունը կարող է մոտենալ քեզ կամ նստել քո պատուհանին, և նա քոնն է»,- նշեց պրոդյուսերն ու հավելեց, որ աղավնատերերը մեծ զոհաբերությունների են պատրաստ հանուն իրենց նպատակների:
Խոսելով այն բարդությունների մասին, որոնց բախվել են ֆիլմը ստեղծելիս` նա ասաց, որ որոշ դժվարություններ եղել են, քանի որ համագործակցել են ոչ պրոֆեսիոնալ դերասանների` երեխաների հետ: 400-ից ավելի դպրոցում են շրջել, որպեսզի կարողանան ընտրել համապատասխան կերպարներին:
Անդրադառնալով ժամանակակից թուրքական ֆիլմարտադրությանը` Սերթեն շեշտեց, որ Թուրքիայի մշակույթի նախարարության ֆոնդը գումար է տրամադրում հեղինակային կինոյին, և դա միակ ճանապարհն է նմանատիպ ժապավենների ստեղծման համար: Նրա խոսքով` «Աղավնագողերը» կինոնկարը նույնպես պետական ֆինանսավորման շնորհիվ է նկարահանվել:
Սերթեն պատմեց, որ Թուրքիայում տարվա ընթացքում ավելի քան հարյուր ֆիլմ է նկարահանվում: Դրանք հիմնականում կոմերցիոն բնույթ ունեն: «Հեղիանակային հիսուն անուն կինոնկար է լույս տեսնում. որոշ մասը ներկայացվում է հեղինակավոր փառատոների մրցութային ծրագրերում: Դա վատ չէ»,- եզրափակեց պրոդյուսերը:
«Աղավնագողերը» ֆիլմում Մահմութը երազում է տիրանալ լավագույն աղավնիներին: Մի օր նրա աղավնիներից մեկը փախչում և այլևս չի վերադառնում: Երբ Մահմութը ինչ-որ կտուրում բույն դրած աղավնի է գտնում, ծանոթանում է այդ տանն ապրող ութամյա Իսմայիլի հետ. այդ հանդիպումը երկուսի կյանքում էլ շրջադարձային է դառնում: Մահմութը որոշում է աղավնիներ գողանալ, որ իրականացնի Իսմայիլի երազանքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում